ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ քննարկելու համար Ամանորի գիշերը մի շարք հեռուստաընկերությունների կողմից ՀՀ հիմնը չհեռարձակելու հարցը:
Նախ արձանագրենք, որ դժվար է հիշել մի որևէ Ամանոր, երբ կեսգիշերին հիմն է հնչել, չնայած դա օրենքի պահանջ է: Բացի այդ, օրենքը սահմանում է, որ այդ պարտավորությունը հատկապես դրված է հեռուստաընկերությունների ուսերին: Բայց այս ամենը մի կողմ:
Երեկվա նիստի ընթացքում արձանագրվել է, որ ՀՌ մասին օրենքը ունի պահանջ, բայց այդ պահանջի չկատարման դեպքում չկա սահմանված պատժաչափ, ու վարույթ չի հարուցվել: Ստացվում է, որ հարցը մինչև այժմ թողնված է եղել կողմերի բարի կամքի դրսևորմանը՝ հեռուստաընկերությունների դեպքում եթեր հեռարձակելու, իսկ ՀՌՀ դեպքում՝ ըստ տրամաբանության, որոշում կայացնելու, դա չանելու պարագայում զրկել, թե չզրկել լիցենզիայից:
Այսպիսի կիսատ կարգավորումները, որոշ դեպքերում նույնիսկ դրանց բացակայությունը աուդիովիզուալ մեդիածառայությունների մատուցման օրենսդրության մեջ քիչ չեն, ինչը խոցելի է դարձնում հեռուստաընկերությունների գործունեությունն ու չի սահմանում անելիքների ու սպասելիքների հստակություն: Առաջիկայում սպասվող բավական ծավալուն օրենսդրական բարեփոխումներում այդ ամենը հաշվի է առնվելու»: