Pastinfo.am. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց բյուջեին ունեցած պարտքի դիմաց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ հանձնել պետությանը:
Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բյուջետային վարկի պարտքը հաշվարկվում է 10 207 755 910 դրամ: Այս պարտքը բռնագանձելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունը բռնագանձման վարույթ էր սկսել, որի շրջանակներում մի քանի անգամ աճուրդի հանված համալիրն այդպես էլ չվաճառվեց:
«ԴԱՀԿ ծառայության կողմից 2014թ օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը՝ պարտքի դիմաց 10,283,383,350 դրամ գնով անշարժ գույքի ընդունման մասին, հարկադիր կատարողի հետ կնքել գույքը հանձնելու մասին պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումը` պայմանագրի նոտարական վավերացման և ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով ՀՀ պետական բյուջեով նախարարությանը հատկացված միջոցների հաշվին»,- ասված է կառավարությանն ընդունած որոշման մեջ:
Այս բոլոր գործառույթների համար, ի դեպ, պատասխանատվությունը դրվում է Ֆինանսների նախարարության վրա:
Հետաքրքրական է նաև, որ որոշմամբ պաշտպանության նախարարին էլ հանձնարարվում է կատարել գույքի պահպանության ծախսերը` ՀՀ պետական բյուջեով նախարարությանը հատկացված միջոցների հաշվին և գույքն օգտագործել՝ նպատակային նշանակությանը համապատասխան:
Հեղինակ: «Փաստինֆո»