Թալինի ոստիկանությունը հետաքննություն է սկսել սիրիահայ բժշկին ծեծելու գործով

Թալինի ոստիկանությունը հետաքննություն է սկսել սիրիահայ բժշկին ծեծելու գործով
Թալինի ոստիկանությունը հետաքննություն է սկսել սիրիահայ բժշկին ծեծելու գործով

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանին ծեծի ենթարկելու գործով Թալինի ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Սիրիահայ սրտաբանը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետի եղբայր Արամ Արամյանն ու նրա ընկերները, որոնցից մեկը հայտնի է «Կայծ» մականունով՝ Կայծեր Ավետիսյան: Հարցին, թե քննության շրջանակներում Թալինի քաղաքապետի եղբայրը հարցաքննվե՞լ է, Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Քննության շրջանակներում Թալինի բնակիչ Կայծեր Ավետիսյանից բացատրություն է վերցվել, այնուհետև նա բաց է թողնվել: Հիմա հետաքննություն է կատարվում, իսկ Բողոս Աղոյանին դատաբժշկի ուղեգիր է տրվել»:

Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանն արդեն հայտարարել է, որ իր եղբայրը կապ չունի այդ միջադեպի հետ: Սիրիահայ բժիշկը, սակայն, պնդում է, որ իրեն ծեծել են քաղաքապետի եղբայրն ու նրա երեք ընկերները: «Քաղաքապետը հերքում է, ո՞նց է հերքել, հարյուր հոգի տեսել է, ո՞նց կարելի է հերքել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Բողոս Աղոյանը: Նա նշեց, որ վեճը ծագել է ավտոմեքենայի կայանման պատճառով, այնուհետև Թալինի քաղաքապետի եղբայրն ու նրա ընկերներն իրենց ծեծի են ենթարկել: Բողոս Աղոյանը այսօր հրավիրվել է ոստիկանություն, ցուցմունք է գրել, հույս ունի, որ օբյեկտիվ քննություն կընթանա: Նրա խոսքով՝ դատաբժշկական քննության վերջնական արդյունքները դեռ պատրաստ չեն: Ոստիկանության գլխավոր շենքում երեկ սիրիահայ բժիշկը ընդունելություն է պահանջել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, բայց ոստիկանապետի հետ հանդիպումը չի կայացել: «Տեղակալի հետ խոսեցի, ինքն ինձ ասաց, որ անպայման պետք է պատժվեն, տեսնենք»,- ասաց նա: Բողոս Աղոյանն ասաց, որ դեպքից հետո ինքը շարունակում է նորմալ հաճախել աշխատանքի, սակայն հիասթափված է հայրենիքից: «Նման վայրագություններից հետո հիասթափություն ունեմ»,- նշեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/