«Նախկինում զբոսաշրջիկի պահանջմունքը զուտ ճանաչողական էր, հիմա հետաքրքրում է շփվելը տեղի բնակչության հետ, տեղացու կյանքով ապրելը». Մեխակ Ապրեսյան 

Հայաստանի զբոսաշրջային այն վայրերը, որոնք համեմատաբար քիչ այցելուներ ունեն, գնալով ակտիվանում են, տուրիզմի ուղղությունները Հայաստանում դիվերսիֆիկացվում են: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: 

«Հայկական զբոսաշրջային արդյունքը գնալով բազմազանանում է: Չենք կարող նշել ընդամենը մի քանի ուղղություն ու ասել, որ դրանք թոփ ուղղություններ են: Կախված զբոսաշրջիկների սպասումներից, ցանկություններից, այցելության ծրագրից և այլն` այցելության ուղղությունները տարբեր են լինում»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ պարզապես պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի բոլոր վայրերում, որոնք զբոսաշրջային նշանակություն ունեն, ենթակառուցվածքները զարգացվեն: Որոշ վայրերում, ըստ նրա, կա՛մ ենթակառուցվածքներ չկան, կա՛մ թերզարգացած են:

«Տարբեր վայրեր որոշակի խնդիրներ են ունենում՝ զբոսաշրջային երթուղիներում ավելի ակտիվ ներգրավված լինելու համար: Կա այդ խնդիրը, որ բոլոր պատմամշակութային ու զբոսաշրջային վայրերը անհրաժեշտ ենթակառուցվածքներ պետք է ապահովեն, որպեսզի բարձրացվի և՛ այդ վայրերի գրավչությունը, և՛ այնտեղ ապահովվեն եկամուտները:

Որքան շատ ծառայություններ՝ այնքան շատ եկամուտների գոյացում, դա շատ կարևոր է: Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում տվյալ վայրերի ճանաչելիությունն ու գրավչությունը կամաց-կամաց բարձրանում են»,- «Մեդիալաբին» ասում է Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ շատ լավ է, որ հիմա կառավարությունը կարևորում է այս ուղղությունը: Զբոսաշրջությունն այն առանձնահատուկ ոլորտն է Հայաստանում, որ նաև գերակա է ճանաչված օրենքով: Սա, ըստ մասնագետի, պետք է միշտ համարել սկզբունք, հետևողական լինել և անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել գերակա ոլորտին վայել:

Մեխակ Ապրեսյանն անդրադարձավ նաև հարցին, թե տարիների ընթացքում ի՛նչ փոփոխություն են կրել Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախասիրությունները, ի՛նչ վայրեր էին նրանք այցելում նախկինում, ի՛նչ են նախընտրում այսօր: Նրա դիտարկմամբ՝ ընդհանրապես վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների պահանջմունքները փոխվել են:

«Նախկինում զբոսաշրջիկի պահանջմունքն ու սպասումը զուտ ճանաչողական այցն էր՝ գնալ-տեսնել Հռոմը, Կոլիզեյը, Հայաստանում տեսնել Էջմիածինը, Գեղարդը և այլն: Հիմա արդեն խնդիրը ոչ թե պարզապես գնալ-տեսնելն է, այլ նրանց արդեն հետաքրքրում են տեղի բնակչության հետ կյանքի փորձ կիսելը, անմիջականորեն շփվելը տեղի բնակչության ու մշակույթի հետ, ապրելը տեղացու կյանքով: Ի վերջո զբոսաշրջությունն ի՞նչ է, ժամանակավոր կյանք այն վայրում, ուր դու մեկնել ես: Եվ որքան այնտեղ հետաքրքիր է կյանքը, այնքան ավելի գրավիչ է զբոսաշրջիկի համար»,- ասաց նա:

Հետևաբար, Ապրեսյանի համոզմամբ, պետք է նման պայմաններ ստեղծել, պետք է կարողանալ զբոսաշրջիկների համար ապահովել նման զգացողություններ:  

Ապրեսյանը կարևորում է այսօր զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ու բազմազանությունը: Որքան բազմազան լինի մեր զբոսաշրջային ոլորտը, այնքան զբոսաշրջիկի համար հետաքրքիր կլինի շփվել մեր մշակույթի ու սովորույթների հետ: Որքան կարողանանք ապահովել այդ պայմանները, այնքան մրցունակ ու գրավիչ կլինենք:

«Այստեղ մենք տարիների ընթացքում մեծ հաջողությունների ենք հասել, և հիմա էլ գնալով ավելի է դիվերսիֆիկացվում ոլորտը, ավելի գրավիչ ենք դառնում: Որպես ապացույց կարող եմ բերել այն օրինակը, որ եթե մոտ տասը տարի առաջ Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում միջինից բարձր տարիքի էին, հիմա ակնհայտորեն երևում է, որ նաև երիտասարդների թիվն է գնալով մեծանում:

Իսկ սա հենց վկայում է այն մասին, որ մեր զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման քաղաքականությունը արդյունք է տվել: Արդեն երիտասարդներն էլ են գալիս, այսինքն՝ արդեն նրանց քիմքին հաճո զբոսաշրջային ծառայություններ ու պրոդուկտ ունենք»,- նշեց Ապրեսյանը:

Հարցին, թե հիմնականում որ երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան, մասնագետը պատասխանեց, որ աշխարհագրությունը նույնպես ընդլայնվում է: «Հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, ԱՊՀ երկրներից են գալիս զբոսաշրջիկները: Իրանից այցելությունները նորից կարծես թե սկսում են վերականգնվել, իսկ նախորդ տարի, ցավոք, այդ ուղղությամբ անկում ունեցանք:

Բացի դրանից, արաբական երկրներից մեծ հետաքրքրություն է սկսում նկատվել Հայաստանի նկատմամբ: Ճապոնիայի հետ ունենք ավելի քան տասը տարվա փորձ, և գնալով դրական ցուցանիշներ են արձանագրվում: Դա շատ լավ է, որովհետև միջազգային զբոսաշրջության մեջ կա ընդունված տեսակետ՝ որ երկիր ճապոնացի զբոսաշրջիկ է այցելում, այդ երկիրը կարող է համարվել զբոսաշրջային երկիր: Բացի այն, որ նրանք շատ գումար ծախսող զբոսաշրջիկներ են, նաև շատ խստապահանջ են»,- նշում է Ապրեսյանը: 

Չինաստանից, Կորեայից, սկանդինավյան երկրներից, Հնդկաստանից, մերձավորարևելյան երկրներից ևս հետաքրքրություն է ցուցաբերվում Հայաստանի նկատմամբ:

Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ զբոսաշրջության ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվներից է և տեղ ունի ավելի զարգանալու և նպաստելու կայուն տնտեսական աճին, համաչափ տնտեսական զարգացմանը: 

«Մենք շատ ժամանակ զբոսաշրջությունը որպես տնտեսության լոկոմոտիվ ենք միայն դիտարկում, բայց զբոսաշրջությունը շատ կարևոր սոցիալ-մշակութային, նաև քաղաքական նշանակություն ունի և հզոր գործիք է նման խնդիրներ լուծելու համար: Մենք դրանից նույնպես պետք է կարողանանք օգտվել:

Զբոսաշրջությունն էապես նպաստում է միջմշակութային երկխոսությանը, մշակութային բազմազանությանը, պետք է նպաստի Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, նրան, որ մենք ավելի լավ ճանաչենք մեր երկիրը: Զբոսաշրջության միջոցով մենք պետք է նաև կարողանանք աշխարհում շարունակաբար բարձրացնել Հայաստանի իմիջը, ժողովրդի պատիվն ու համբավը, ինչն իր հերթին բերում է ներդրումային գրավչությանը, միջազգային ծրագրերի ներգրավմանը և այլն:

Այսինքն՝ ճիշտ քաղաքականության դեպքում այս բոլոր խնդիրները հօգուտ մեզ կարող են լուծվել, բայց սխալ քաղաքականության հետևանքով կարող է հակառակը տեղի ունենալ»,- ասում է նա:

Լուսանկարը՝ www.festivar.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am