«Անհայտ կորածները, գերիները, սուգը, ժողովրդի անեծքը, Արայիկ Հարությունյանի համար դժոխքի է վերածվել». Ըստ Բադասյանի՝ այդ քայլով «նա Նիկոլին եւս ակնարկում է, որ հեռանա»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը 

– Պարո՛ն Բադասյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է արտահերթ ընտրություններին և իր՝ քաղաքականությունից հեռանալու մասին։ Արցախում փաստացի տեղի է ունենում իշխանափոխությո՞ւն։ Տրամաբանակա՞ն գործընթացներ են։

– Շատ դժվար է գնահատել տեղի ունեցող զարգացումները։ Փաստորեն ինքն իր գլուխը ազատում է տեղի ունեցող պրոցեսներից։

– Պատասխանատվության ողջ բեռը դնում է Նիկոլ Փաշինյանի՞ վրա։

– Հավանաբար։ Վերջին երկու-երեք ամսվա պատերազմը ցույց տվեց, որ Արայիկ Հարությունյանը որևէ դերակատարություն չուներ, բոլոր որոշումները կայացնում էր Հայաստանը, փաստացի՝ Հայաստանի գործառույթների մեջ էր դա մտնում, և փաստորեն ինչ-որ տեղ նա Նիկոլ Փաշինյանի մեղքը վերցնում է իր վրա և դրանով ակնարկում է Նիկոլին, որ դու էլ հեռացիր։ Իհարկե, ես չեմ խոսել Արայիկ Հարությունյանի հետ, չգիտեմ՝ ինչ է մտածում։

– Վերջերս հանդիպել էիք նրա հետ, նա նման ծրագրեր ունե՞ր։

– Այո՛, տարբերակներից մեկն էր սա։ Ճիշտն ասած, մենք, տեսնելով իր աշխատանքի ծանրությունը, անհայտ կորածները, գերիները, սուգ ու շիվան, ժողովրդի անեծքը, իր համար դա դժոխքի է վերածվել։

– Խծաբերդում և Հին Թաղերում իրավիճակն այժմ ինչպիսի՞ն է, ինչո՞ւ հայկական կողմը գերի ընկածների մասին տեղեկություն ստացավ ադրբեջանական տեսանյութերից։ Ի՞նչ է կատարվում։

– Փաստորեն խաղաղապահ զորքերը չկատարեցին իրենց պարտականությունները, մենք նորից կորուստներ ունեցանք, այդ կորուստների պատասխանատուն ինքն է, բոլորը Արայիկ Հարությունյանից են պահանջում։

– Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահներ ևս կան գերի ընկածների մեջ։ Փաստորեն խաղաղապահները չե՞ն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, իրե՞նք էլ գերի են ընկնում։ (Հիշեցենք, որ ավելի ուշ ռուսական կողմը հերքեց խաղաղապահների գերի ընկնելու մասին լուրը)։

– Այո՛, նրանք ի վիճակի չեն ապահովելու Արցախի անվտանգությունը։ Այդպես է եղել միշտ, նաև 90-ականներին, հիմա իրենք էլ են գերի ընկնում։ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողությունները, և տեսնենք՝ ուր կհասնի, տեսնենք՝ երբ կլցվի Ռուսաստանի համբերության բաժակը, բայց, կարծում եմ՝ սա Պուտինի կողմից ծրագրված է, որ թող երկու գերի էլ իրենց կողմից լինի։ 

Հիշեք, որ ուղղաթիռը խոցեցին, երկու օդաչու զոհվեց, հիմա ո՞վ է հիշում այդ մասին, միայն հարազատներն են սգում, ուրիշ ով է հիշում։ Կամ՝ Սիրիայում ռուս օդաչուի մահը, վեց ամիս հետո Պուտինն ու էրդողանը ողջագուրվեցին։ 

Փաստը սա է, սա է մեր «փրկիչը», հույսը։ Հիմա մենք պետք է գոտիներս ձգենք, չհուսահատվենք, ինքնակազմակերպվենք, իրար կողք կանգնենք։ Այսպես չէր մեր վիճակը 3-4 ամիս առաջ, մենք բանակ ունեինք, ուժ ունեինք, իսկ հիմա մեր զինվորները 40 հոգի գերի են ընկել։ Ինչպե՞ս կարող է զինվորը զենքը վայր դնի ու գերի հանձնվի, կա ոգու պակաս զորքի մեջ։

– Հիմա նշվում է, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման համար ճիշտ ժամանակն է։ Արցախն ուզո՞ւմ է Հայաստանը գնա այդ քայլին, նման քննարկում կա՞։ Դուք տարիներ շարունակ բարձրաձայնում էիք այդ մասին, որ պետք է Արցախը միանա Հայաստանին և դառնա նրա մարզերից մեկը։

– Պետք է միանար, այո՛, առիթ էր հենց Արցախի անկախության օրը, կամ երբ իրենք զորահանդես արեցին Ադրբեջանում, լավ առիթ էր՝ ճանաչեին: Ռուսաստանն ի՛նչ պետք է ասեր, ոչինչ, դրա համար համարձակություն էր պետք, Հայաստանի կողմից համարձակություն, ռիսկ և ազգային մտածելակերպ։ 

Դա պետք է աներ «Իմ քայլը» խմբակցությունը։ Բայց, պարզվեց, որ այդ խմբակցության մեջ կան մարդիկ, որոնք այսքանից հետո դեռ ասում են, որ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարող ենք առևտրային կապեր հաստատել, որ սա լավ հնարավորություն է։ 

Պարզվեց, որ նրանք Զանգեզուրն էլ են ուզում, Ալիևը նրանց պատասխանեց՝ ասելով՝ նա, ով Ադրբեջանում կմտածի, որ պատերազմը ավարտվել է, և հետ ենք կանգնում, սրիկա է և դավաճան, Զանգեզուրը, Սևանը, Երևանը պատմական Ադրբեջանի տարածքներ են և պետք է վերադարձնել։ Սա ծիծաղելի է մի երկրի ղեկավարի կողմից, որը պատմություն չունի։ 

Հիմա իսկական քաոս և ճգնաժամ է, մեր պետության լինել-չլինելու հարցն է դրված։ Եվ հիմա մենք դժվարին օրեր ենք ապրում։ Փաստորեն դրված է մեր պետականության կորստի հարցը, իսկ ո՞վ վիզ կառնի նման պայմաններում գա պատասխանատվություն վերցնի, դժվարանում եմ ասել, կգտնվի՞ արդյոք մեկը, որ պատրաստ կլինի վերցնի։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է հայտարարություն տարածել, որում հույս է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Հնարավոր համարո՞ւմ եք Կարեն Կարապետյանի վերադարձը, որ նա լինի այդ մեկը։

– Հնարավոր չէ: Մի բան կասեմ, Կրեմլի համար կարևոր չէ՝ ով կլինի այստեղ վարչապետ: Ում էլ ուղարկի այստեղ, մեկ է, առանց նրանց էլ ինչ ուզի կանի, ինքը եթե պետք լինի, նորից ադրբեջանցիներին իր զինվորին գերի է տալու, 10 րոպե ուշացան Խծաբերդում, հետո ինքը այդ տարածքի մեջ նշեց, հետո հանեց, ինքը խայտառակ է դարձել, իր դեմքը չպաշտպանեց, Ռուսաստանը չփրկեց իրեն, հանձն է առել մեծ առաքելություն և չի կարողանում ապահովել, իսկ այստեղ մեր ժողովրդի նկատմամբ սպառնալիք կա։

– Ռուսաստանը որքան որ թույլ կտա՞։

– Այո՛, ճիշտ այդպես։

 Մանե Հարությունյան

MediaLab.am