«Եթե «ամենածավալուն համաներման» նախագծում էլ ցմահ ազատազրկվածներ չընդգրկվեն, նշանակում է՝ հնի կրկնությունն ենք ունենալու». իրավապաշտպան

«Եթե «ամենածավալուն համաներման» նախագծում էլ ցմահ ազատազրկվածներ չընդգրկվեն, նշանակում է՝ հնի կրկնությունն ենք ունենալու». իրավապաշտպան
«Եթե «ամենածավալուն համաներման» նախագծում էլ ցմահ ազատազրկվածներ չընդգրկվեն, նշանակում է՝ հնի կրկնությունն ենք ունենալու». իրավապաշտպան

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում այսօր ներկայացվեց երգիծաբան Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի առաջին ռուսերեն թարգմանությունը: Խորհրդանշական է, որ Կամսարին բանտում թարգմանել է ցմահ դատապարտյալ, 23-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանը: Նա է նաև գրքի տպագրության հովանավորը: Մհերն այն տպագրել է «Հետք» կայքի իր աշխատավարձով: Հասույթը բարեգործական է. Մհեր Ենոքյանի ցանկությամբ գումարը կուղղվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Շնորհանդեսին վաճառվեց 50 գիրք: Գրքի վաճառքը կշարունակվի նաև այլ միջոցառումների ժամանակ:

Երգիծաբան պապի՝ Արամ Թովմասյան-Լեռ Կամսարի ժառանգությունը մեզ հասցրած Վանուհի Թովմասյանը հուզված էր, ասաց, որ միշտ երազել է պապի գրքերը թարգմանված տեսնել. «Բայց չէի սպասում, որ ցմահ բանտարկյալը նման նվեր կմատուցի: Դա բավական չէ, իր աշխատավարձով կտպագրի գիրքը: Դա էլ բավական չէ, վաճառքից ստացված գումարը կնվիրաբերի վիրավոր զինվորներին»:

Վանուհի Թովմասյանը, պատմում է Մհերի հետ իր հեռակա ծանոթության ու նամակագրության մասին: Իսկ շնորհանդեսը վարում է գրականագետ, կինոգետ, գրող Արծվի Բախչինյանը:

Մհեր Ենոքյանի մայրը՝ մանկաբույժ Վարդուհի Օհանյանը, կարդաց Մհերի ուղարկած նամակը շնորհանդեսի առիթով. «Կամսարի տեսած 1930-ականների ու իմ տեսած 1990-ականների բանտը գրեթե նույնն էր: Սովետական դարաշրջանից պահպանվել էր անգամ բանտային լեզուն, ռուսերեն բառերը՝ «զավտրկ, օբեդ, ուժին», «գլազը ու վալչոկը բացեցին», «էսօր սվիդանի ա», «պերեդաչի են բերել»… անմարդկային տանջանքները նույնպես նույնն էին, ստորացում, ռեժիմով ծեծ, սով: Այս ամենը հանցանք կատարածին ոչ թե ուղղում, այլ ստորացնում էին, միգուցե չարացնում, իսկ երբ անմեղին են փորձում նման «ուղղման» ենթարկել, դա վեր է ածվում ողբերգական կոմեդիայի»…

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պատմեց, թե ինչպես է 2009-ին՝ երկրորդ փախուստի փորձ կատարելուց հետո Մհեր Ենոքյանի ինքնավնասման ժամանակ հանդիպել նրան բանտախցում.

«Ասաց, որ չի ուզում ապրել: Եվ ես նրան ասացի, որ եթե հույս այլևս չլինի, կգնամ ու կասեմ իրեն այդ մասին»:

Իրավապաշտպանը ներկայացրեց ցմահ ազատազրկվածների խնդիրը՝ համաներման նախագծում կոչ անելով անդրադառնալ ցմահ ազատազրկվածների որոշակի կատեգորիաների: Նրա կարծիքով՝ երկու խումբ կարելի է առանձնացնել՝ 20 և ավելի տարի պատիժ կրողներ, այսինքն՝ նախկին մահապատժի դատապարտվածներ, քանի որ, ըստ իրավապաշտպանի, այդ անձինք իրավաբանական կազուսի հետևանքով են էքս նախագահ Քոչարյանի օրոք դարձել ցմահ դատապարտյալներ: Եվ երկրորդ խումբը՝ 18-21 տարեկան երիտասարդ չափահասներ: Հիմնականում այս խմբի մեջ զինվորական հանցագործությունների մեջ մեղադրված անձինք են. «Այս պարագայում զոհերը երկկողմանի են», ըստ իրավապաշտպանի: Բացի այդ, ըստ Իշխանյանի, կան վիճելի, կասկածելի, թույլ ապացույցներով գործեր:

Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ առաջիկայում «ամենածավալուն համաներումն է լինելու Հայաստանի և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր»: Ավետիք Իշխանյանն էլ նշում է, որ եթե այս անգամ էլ ցմահների՝ իր վկայակոչած երկու խմբերը չլինեն նախագծում, նշանակում է հնի կրկնությունն ենք ունենալու:

Հիշեցնենք, որ 1995 թ.-ից սկսած 8 համաներում է հայտարարվել, որոնցից և որևէ մեկում ցմահ ազատազրկվածները ընդգրկված չեն եղել:

MediaLab.am