«Չեմ հասկանում, թե այդ հայտարարության դեկլարատիվ կետերը մեզ ինչ են տալու, և, ընդհանրապես, ի՞նչ իմաստ ուներ այս համատեղ հայտարարությունը»․ Ստեփան Գրիգորյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, արտաքին քաղաքականության ի՞նչ ճանապարհ է որդեգրել Հայաստանը, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներկայիս քաղաքականությունն այդ ուղղությամբ՝ նկատի ունենալով ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը։

 – Ճիշտն ասած, այդ հայտարարության իմաստը չհասկացա, որովհետև Ռուսաստանը, լինելով կոշտ պատժամիջոցների տակ, գաղտնիք չէ նաև, որ մեկուսացված է աշխարհից, ու ՄԱԿ-ում վերջին քվեարկությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի կողքին կանգնում են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, և ի՞նչ իմաստ ունի մեծ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի հետ կամ հայտարարություն անել։

Երկրորդ՝ այնտեղ կան կետեր, որոնք խնդրահարույց են մեզ համար, ասենք՝ 9-րդ կետը՝ միասին հաղթահարելու պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ։ Հայաստանն ի՞նչ կապ ունի այդ պատժամիջոցների հետ, ինչո՞ւ պետք է մենք Ռուսաստանի հետ միասին մտահոգված լինենք ու փորձենք հաղթահարել դրանք։

Երրորդ՝ ես այնտեղ չտեսա մեր շահերից բխող կետեր․ 30-րդ կետով խոսում են «3+3» ձևաչափի մասին, նախ՝ «3+3» չէ, որովհետև Վրաստանը հրաժարվել է այդ ձևաչափին մասնակցություն ունենալուց, «3+2» պետք է գրեն, չխաբեն հասարակությանը։ Բացի այդ, այս ձևաչափի մեջ մտնում են Ադրբեջանն ու Թուրքիան, և ես այստեղ չեմ տեսնում մեր ընդգծված շահերը։

26-րդ կետով խոսվում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, դրանում Ռուսաստանի միջնորդական դերի մասին, 19-րդ կետով խոսում են Եվրասիական ինտեգրման մասին, ես ներողություն եմ խնդրում, միգուցե մեր հասարակությունը չգիտի՞, որ այդ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը մի շարք հարցեր այդ ինտեգրացիոն գործընթացում դադարեցրեց․ հիմա Ռուսաստանը հացահատիկ չի վաճառում անգամ ԵԱՏՄ անդամ երկրներին։

Ասածս այն է, որ հայտարարության մեջ, այո՛, խոսվում է տարբեր ինտեգրացիաների մասին, բայց դրանք կապ չունեն իրականության հետ, այդ պատժամիջոցները շատ բաներ փոխեցին իրականության մեջ։ Հետևաբար, կրկնում եմ, անհասկանալի է այդ փաստաթուղթը Հայաստանի համար։ Ռուսաստանի համար, բնականաբար, պետք էր․ հասկանում եմ՝ մեկուսացման մեջ է, գտավ երկիր, որը համաձայն է այս ձևի հայտարարություն անել, որով աշխարհին ցույց տվեց, որ ինքն այնքան էլ մեկուսացված չէ։ Ռուսաստանի շահը հստակ տեսնում եմ, մերը չեմ տեսնում, ավելին ասեմ՝ այդ 9-րդ կետը կարող է պատժամիջոցների քաղաքականություն բերել հենց Հայաստանի դեմ։

Չեմ հասկանում, թե այդ հայտարարության դեկլարատիվ կետերը մեզ ի՛նչ են տալու, ու ի՛նչ իմաստ ուներ ընդհանրապես այս համատեղ հայտարարությունը։

Որքան էլ նշում եք, թե անհասկանալի է ձեզ համար, բայց չե՞ք ենթադրում, թե ինչի՞ դիմաց է, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը համաձայնել ՌԴ-ի հետ համատեղ այդ հայտարարությանը։

– Կարելի է ենթադրել․ օրինակ՝ 24-րդ կետով խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղի մասին, բայց, դժբախտաբար, խոսք չկա ինքնորոշման մասին։ Միգուցե դա արվել է նրա դիմաց, որ, կոպիտ ասած, Ստեփանակերտը չեն ենթարկեցնի Բաքվին, չգիտեմ՝ ժամանակը ցույց կտա, բայց ընդգծված մեր շահերը չկան այդտեղ։

Լավ է, որ այս կետը կա, բայց ժամանակը ցույց կտա՝ կաշխատի՞, թե՞ չէ․ մինչև հիմա ժամանակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը գյուղ առ գյուղ հանձնում է Ադրբեջանին։

Պարո՛ն Գրիգորյան, հայտարարության մեջ հստակորեն չէր խոսվում Հայաստանի ղեկավարության կողմից անընդհատ առաջ քաշվող խաղաղության օրակարգի մասին, ինչո՞վ եք դա բացատրում։

– Այնուամենայնիվ, ինչ-որ մտքեր կային հարաբերությունների կարգավորման հետ կապված, բայց ընդգծված է, որ նույն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կամ երկխոսությունը Ռուսաստանի կողմից է նախաձեռնված։ Ավտոմատ այդ բոլոր գծերը կապվում են Ռուսաստանի հետ, դա ֆիքսված է, իսկ մենք տեսանք, թե դա ինչի է բերում։

– Այդ հանգամանքը կարո՞ղ է մեզ ենթադրել տալ, որ Հայաստանն այս հայտարարությամբ արձանագրում է, որ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն չի լինելու։

– Մասամբ՝ այո՛, որովհետև բոլոր հարցերը կապվում են Ռուսաստանի հետ։ Օրինակ՝ 26-րդ կետով ողջունում են դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերով երկկողմ աշխատախմբի ստեղծումն ու անմիջապես շեշտում, որ Ռուսաստանը պատրաստ է խաղալու միջնորդի դերը: Ստացվում է, որ բոլոր հարցերը կապվում են Ռուսաստանի հետ, ինչը նշանակում է, որ ոչ մի լավ բան մեզ չի սպասում, քանի որ Ռուսաստանի համար ավելի կարևոր են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, հետևաբար, բոլոր հարցերը կլուծվեն հօգուտ Ադրբեջանի։

Պարո՛ն Գրիգորյան, արդեն կարծիքներ են հնչում, որ այս հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի «բելառուսացում» կամ միութենական պետության անդամակցության հիմք։ Համաձա՞յն եք։

– Բացահայտ չի գրվում միութենական պետության մասին, բայց սա քայլ էր այդ ուղղությամբ, միանշանակ չեմ ասում, բայց, այո՛, սա քայլ էր դեպի «բելառուսացում»։

Իսկ այս հայտարարությունից հետո, օրինակ՝ Արևմուտքի երկրների հարաբերությունները Հայաստանի հետ ի՞նչ փոփոխություններ կկրեն, որևէ ազդեցություն կունենա՞ այն հարաբերությունների վրա, թե՞ ոչ։

– Պարզ է, որ ցավոտ արձագանք կլինի, բայց Արևմուտքը, նկատի ունեմ ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրոմիություն, դիվանագիտական մեծ փորձ ունեն և իմպուլսիվ արձագանք չեն տա։ Մի փոքր կսպասեն և, օրինակ՝ 9-րդ կետը՝ համատեղ պայքարել պատժամիջոցների դեմ, եթե Հայաստանն ինչ-որ քայլեր անի, այո՛, Հայաստանի վրա ևս կսկսեն տարածել պատժամիջոցներ, ինչպես Բելառուսի։

Շատերը չգիտեն, որ Բելառուսի համար առանձնահատուկ պատժամիջոց չեն կիրառում, պատժամիջոցը կիրառում են Ռուսաստանի դեմ, որն ավտոմատ տարածվում է նաև Բելառուսի վրա։ Նույնը կլինի Հայաստանի դեպքում, եթե, կրկնում եմ՝ Հայաստանը հայտարարությունից անցնի կոնկրետ գործողությունների։

Հայտարարության 11-րդ կետը, որով խոսում են կենսաբանական լաբորատորիաների մասին, ակնարկ է ԱՄՆ-ի քիմիական ու կենսաբանական լաբորատորիաներին, որոնք կան Հայաստանում: Եթե կոնկրետ քայլեր արվեն այդ ուղղությամբ, պարզ է՝ ԱՄՆ-ն կարձագանքի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am