Պուտինն անդրադարձավ եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առաջացած խնդիրներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև դադարեցրեց արյունահեղությունը, մարդիկ դադարեցին զոհվել, իսկ մնացածը երկրորդական է:

«Մարդկանց կյանքի ու առողջության պահպանումն ամենակարևոր խնդիրն է, որը մենք լուծել ենք»,- նշեց ՌԴ նախագահը:

Արցախի Խծաբերդ-Հին թաղեր ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։