Սուրեն Սուրենյանցը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Սուրեն Սուրենյանցը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սուրեն Սուրենյանցը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Լուսանկարում՝ Սուրեն Սուրենյանցը

«Փաստինֆո». Սուրեն Սուրենյանցը նորից հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կրկին նույն մեղադրանքով՝ խարդախության համար:

Ըստ մեղադրանքի՝ այս անգամ Սուրենյանցը, օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը, բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 1100 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ Սուրենյանցը, Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը  օգտագործելով և առողջական խնդիրներ ունենալու հիման վրա, բժշկական փաստաթղթեր ձևակերպելու սուտ խոստումներ է տվել և խաբեությամբ,  վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:

Մեկ այլ դրվագով էլ Սուրիկ Սուրենյանցը ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ վերջին 2 տարվա ընթացքում Սուրենյանցին արդեն 3-րդ անգամ է նույն հոդվածով մեղադրանք առաջադրվում:

Նախորդ գործերից մեկով Սուրենյանցը, տուժող Հեղինե Սարգսյանից  տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է, որ որդին՝ Ռաֆիկ Սարգսյանը,  ընդունվի  Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր, նրան վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել: Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից հափշտակել է ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար:

Այս գործով համաներման ակտի ընդունման հիմքով` քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի վարույթը կարճվել էր, քրեական հետապնդումը` դադարեցվել:

Մեկ այլ գործով էլ Սուրենյանցը տուժող Գրիգոր Ղազաբյանից վերցրել էր 508 000 դրամ, որը դատաքննության ընթացքում վերադարձվեց: Տվյալ գործով դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը փոխվեց, և  նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց, իսկ գործը կարճվեց:

«Փաստինֆո»