ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր՝ հատկացնելով մի քանի մլրդ դրամ. վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամփոփեց Արցախի մեր հայրենակիցներին և ընդհանրապես Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջոցառումները: «Առաջինը՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիրն է, որից օգտվում է շուրջ 87 հազար շահառու: Կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ:

Հաջորդ միջոցառումը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագիրն է. այստեղ ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ:

Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակներում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ, Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացվել է մոտ 3.1 մլրդ դրամ:

Արցախի բնակչության վերջին երեք ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցումն իրականացնելու համար հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են և որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ 8 միջոցառումները ևս ճանապարհային քարտեզի շրջանակում են:

«Այստեղ երևի առանձնահատկությունն այն է, որ այդ միջոցառումների շահառու են հանդիսանում ոչ միայն Արցախի բնակիչները: Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետև գուցե մենք այս կայացրած որոշումների հետ կապված, այսպես ասած, շատ լայն տեղեկատվություն չենք տարածում նաև նկատի ունենալով, որ այս ամենը մեր պարտականությունն է և դրանից դա շատ թմբկահարելու անհրաժեշտություն չկա: Բայց մյուս կողմից այս պայմաններում հնչում են հարցեր կամ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե Արցախին մենք հոգսերի հետ միայնակ են թողել»,- ասաց վարչապետը: