Արցախցիների հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագրերի դիմումների ընդունումն սկսվել է․ Նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ժամանակավոր բնակությունը շարունակում են Հայաստանում՝ բարեկամների, ընկերների, ծանոթների կամ պարզապես անծանոթ մարդկանց կացարաններում։

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրընկալներին՝ բացառիկ հոգատարության և աջակցության համար։ Կարևորելով հանրային համերաշխությունը՝ պետությունն առնվազն պարտավոր է մասնակից լինել այդ գործընթացին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագիր, որոնց դիմումների ընդունումն արդեն սկսվել է:

Ըստ այդմ՝ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական կստանան 30,000 դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար՝ Հայաստանում և 45,000 դրամ՝ Արցախում։ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում և անձնագրերի ներկայացում՝ առանց որևէ պայմանագրի կամ այլ փաստաթղթերի ներկայացման»։