ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ին նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չգանձելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի  ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները:

«Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը` պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունը նաև հնարավորություն կտա, որ ժամ առաջ այդ օգնությունը տեղ հասնի և բաշխվի դրա կարիքն ունեցող քաղաքացիներին:

Օրենքի նախագիծն ընդունվեց 74 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: