Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթն ավարտվեց ՀՔԾ շենքի մոտ

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկած՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության քայլերթն ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիան ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը չի պատրաստվում երկխոսել վարչապետի հետ:

«Այս պահին մեր միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: ՀՔԾ-ից պահանջում ենք, որպեսզի բոլոր հանցագործներին օր առաջ պատասխանատվության ենթարկեն»,- նշեց Մինասյանը:

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ըստ «Իմ քայլը»-ի՝ գործնականում առկա էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: «Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված էր նախագծում: