Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ․ Արցախի նախագահը դիմել է Ալբերտ Հովհաննիսյանի հորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է արցախյան պատերազմում զոհված և հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկին՝ Արտակ Հովհաննիսյանին և իր ֆեյսբուքյան էջում գրել․

Սիրելի ՛ Արտակ,

Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ:

Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում: Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:

Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին:

Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի: Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին: Պատի՛վ ունեմ:

Սիրելի ՛ ԱրտակՊատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Thursday, October 8, 2020