«Մերոնք գնացել են Սիրիա հումանիտար գործողություններ իրականացնելու, բայց արդյո՞ք այդ ամենը ճիշտ կընկալվի միջազգային հանրության կողմից»․ Անուշ Սեդրակյան

«Մերոնք գնացել են Սիրիա հումանիտար գործողություններ իրականացնելու, բայց արդյո՞ք այդ ամենը ճիշտ կընկալվի միջազգային հանրության կողմից»․ Անուշ Սեդրակյան
«Մերոնք գնացել են Սիրիա հումանիտար գործողություններ իրականացնելու, բայց արդյո՞ք այդ ամենը ճիշտ կընկալվի միջազգային հանրության կողմից»․ Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Սիրիայում հումանիտար առաքելությունից է բխում: Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում այստեղ, ինչո՞ւ նախկինում հնարավոր էր լինում հավասարակշռությունը պահպանել, իսկ հիմա կարծեք թե խախտվում է:

– Եթե մենք խոսում ենք հումանիտար առաքելության մասին, նախ պետք է մտածենք, թե ինչպե՛ս է համաշխարհային հանրությունը որակում այդ հակամարտությունն ընդհանուր առմամբ, ովքե՛ր են լիազորված այդտեղ իրականացնելու հումանիտար ակցիաներ, և ո՛ւմ կողմից են տեղի ունենում այդ հումանիտար ակցիաները:

Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի յուրաքանչյուր ակցիա, լինի Դոնբասում, որը ռազմական ակցիա է, նույն Սիրիայում կպցնում են հումանիտար պիտակը: Ես վստահ եմ, որ մերոնք գնացել են Սիրիա ոչ հարձակողական, այլ հումանիտար գործողություններ իրականացնելու, բայց արդյո՞ք այդ համատեքստում այդ ամենը ճիշտ կընկալվի միջազգային հանրության կողմից և կստանա ճիշտ գնահատական:

ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ինքնին այդ ակցիայի մեջ որևէ լուրջ բան չկա, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ հայտարարությունները ընդհանուր քաղաքական միտումից տարբերվում են:

– Հայտարարվում է նաև, որ Սիրիա գործուղվող Հայաստանի ՊՆ մասնագետները մարտական խնդիրներ չեն կատարելու:

– Ես հույս ունեմ, որ չեն կատարելու, բայց հիշենք, թե ի՛նչ կատարվեց վերջերս Սիրիայում. ռուսական օդանավը խոցվեց հենց ռուսների կողմից սիրիական մարտադաշտում: Աստված հեռու տանի այս «հումանիտար առաքելության» դեպքում լինի մեկ այլ զոհ կամ վիրավոր:

Այստեղ խոսքը ոչ միայն հնարավոր կորուստների մասին է, այլև Հայաստանի խնդիրների, որովհետև այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի շատ հարցերի պատասխանել: Իսկ ես վստահ եմ, որ ռուսները կարող են գնալ ցանկացած սադրանքի և շատ հանգիստ կարող են հրամայել մարտական գործողություններ կատարել: Այնտեղ պատերազմի դաշտ է, մտադրությունների տեղ չի: Մարդիկ այնտեղ մտադրություններով չեն առաջնորդվում, այլ գործողություններով:

– Իսկ այս ամենը Հայաստան-Իրան հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա:

– Ես չեմ կարծում, որ Հայաստան-Իրան հարաբերություններին դա կարող է հիմա որևէ վտանգ հասցնել, մանավանդ իրանական կողմը բավական պերճախոս է և ծայրահեղ դեպքում ինչ-որ հայտարարություններ կանի: Այստեղ ամենացավալին այն է, որ թե՛ սիրիական հակամարտությունում, թե՛ ամերիկյան արտարժույթի դեպքում, երբ ՀՀ փոխվարչապետը հայտարարեց, որ ամերիկյան դոլարը հաշվարկներից պետք է դուրս գա, ինչն ընդհանրապես անտանելի հայտարարություն էր, բոլոր այդ կոնֆլիկտներում ռուսներն ու թուրքերը գործում են միասին: Եվ այնպես է ստացվում, որ մենք ակամայից միանում ենք այդ ալյանսին և կողքից պաշտպանում ենք ոչ միայն ռուսական, այլև ռուս-թուրքական դաշինքը:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փայլուն» որակեց հայ-ռուսական հարաբերությունները: Հնարավո՞ր է, որ ինչ-որ կոմպրոմիս ձեռք բերվեց նաև այս հարցում, Ռուսաստանն ինչ-որ բան կարողացավ Հայաստանից պոկել, դրա համար էլ այս համաձայնությունը ձեռք բերվեց:

– Ակնհայտ երևում է, թե ի՛նչ է պոկել Ռուսաստանը Հայաստանից, դա բացահայտ է: Բայց խիստ թաքնված է, թե ինչ է տալիս Ռուսաստանը Հայաստանին: Ռուսաստանը Հայաստանից պոկում է իր համար ամենաանհրաժեշտ բանը: «Գույք՝ պարտքի դիմաց» ու նմանատիպ մյուս բաները էլիտայի հարստացման և կոռուպցիոն սխեմաներն էին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որը, մենք գիտենք՝ երբևէ որևէ կոռուպցիոն սխեմայի չի մասնակցում, ի՞նչ է ուզում Պուտինը: Ուզում է, որ քաղաքականապես դեմոկրատ և ազատ Հայաստանը մաս լինի ռուսական իմպերիական, զավթողական քաղաքականության, դրանով մաքրագործելով այդ քաղաքականությունը: Այ դա՛ է Պուտինի պոկածը՝ օգտագործել Հայաստանի վարկանիշը իր սեփական վարկանիշը բարձրացնելու համար:

– Որքանո՞վ դա կարող է հաջողել Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները զգուշավոր են:

– Շատ տեղերում դա արդեն հաջողվում է Ռուսաստանին, շատ տեղերում դեռևս ժամանակավոր դադար է: Դրա համար եմ ասում՝ Հայաստանի պետությունը պետք է  ժամ առաջ կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա, վերացնի այն բոլոր անմիջական վտանգները, որոնք գալիս են անմիջական Ռուսաստանից, որոնցից մեկը, բացահայտ երևում է, Ռոբերտ Քոչարյանի գալուստն է:

Դա բացահայտ ռուսական վտանգ է, հայկական վտանգ չէ: Դա այն դագանակն է, որ Պուտինը մի թեթև պահում է հայ ժողովրդի գլխին, ասելով, որ ամեն վայրկյան կարող է փոխել միտքը և դրա համար բաներ է պոկում: Դրա համար պետք է ժամ առաջ այդ հարցերը լուծել: Մենք չպետք է մոռանանք Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի հետ կապված փաստերը, մենք անընդհատ պետք է հիշենք, որ այդ ուղղությամբ քայլեր չեն կատարվել:

– Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում խոսում է իր և Պուտինի միջև «քիմիայի» առկայության մասին: Ինչպե՞ս եք դա գնահատում:

– Եթե Քոչարյանը ունի Պուտինի «դաբրոն», նա կարող է խոսել ամեն ինչի մասին: Ակնհայտորեն, նա այդ «դաբրոն» ունի: Ռոբերտ Քոչարյանն այնքան զգույշ մարդ է, որ երբեք իր բացահայտ վերադասին չէր փորձի այդպես բացահայտ սիրո խոստովանություն անել առանց թույլտվության:

– Կարելի՞ է ասել, որ առաջիկայում վտանգներն ավելի լուրջ են լինելու, մասնավորապես, հեղափոխության երկրորդ փուլի համար:

– Վտանգները շատ ավելի լուրջ են, բայց մարտահրավերները ճիշտ ուրվագծված չեն: Ցանկացած մարտահրավերի մատնանշման դեպքում փորձ է արվում դա մարել հեղափոխական էնտուզիազմով: Դա շատ շռնդալից և գեղեցիկ է, բայց ոչ արդյունավետ: Ես շատ եմ ուզում, որ Հայաստանը վերջապես դառնա արդյունավետ կառավարման երկիր, որովհետև գեոպոլիտիկան փոխվում է ամեն վայրկյան: Պատերազմ է սկսվում տառացիորեն տարածաշրջանում, իսկ մենք զբաղված ենք նրանով, թե բոլորն ինչքան պուպուշ են, կամ բոլորն ինչքան զզվելի են: Դա դիսկուրս չէ:

Մանե Հարությունյան

MediaLab.am