Ուժի մեջ է մտել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման հրամանը

RA President Serzh Sargsyan attended the opening ceremony of Tchaikovsky School renovated by the ‘Hayastan All Armenian Fund’

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի.

  • մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել),
  • գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),
  • տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),
  • բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),
  • կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),
  • աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել),
  • վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Համաձայն նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։ Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

Ակնկալվում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլրացնի ուսուցիչների պակասի խնդիրը։

Նշենք նաև, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թ. ուսումնական տարվա ավարտը։