Առողջապահության նախարարության նոր սահմանափակումն ուշացած է, կարելի էր ավելի շուտ ընդունել այդ որոշումը. Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, առողջապահության նախարարության նոր որոշումը, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, սահմանում է, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների կարող են մասնակցել, եթե ունենան ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթ կամ պատվաստման հավաստագիր: Ըստ ձեզ՝ ժամանակի՞ն է արվում այս սահմանփակումը, թե՞ ոչ:

– Որոշումն ուշացած է, կարելի էր ավելի շուտ ընդունել, որովհետև հաշվի առնելով մեր երկրում պատվաստման ցուցանիշների ցածր մակարդակը, այս սահմանափակումը կարող էր խթանել այն, ինչպես, օրինակ՝ հոկտեմբերի 1-ից ընդունված փափոխությունը, որ գործատուն աշխատողներից 14 օրը մեկ պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթը կամ պատվաստման հավաստագիրը: Այս սահմանափակումը նպաստեց, որ պատվաստումային գործընթացը բավականին ակտիվանա: 

Նոր սահմանափակումն աշխարհում ընդունված փորձ է, այսօր ավելի խիստ մեթոդներ են կիրառվում, օրինակ՝ Ավստրիայում մոտ 7 հազար եվրո տուգանք են նախատեսում այն մարդկանց համար, որոնք հրաժարվում են պատվաստումից: Այսօր կորոնավիրուսը համարվում է հանրային առողջությանը սպառնացող հիվանդություն, որի դեմ պայքարելու համար ամեն երկիր ընտրում է իր մեթոդը: Պատվաստումն այդ պայքարի թիվ մեկ գործիքն է, ու դրա ընդգրկվածությունը մեծացնելուն ուղղված միջոցառումները խրախուսելի են:

– Դո՞ւք էլ, ինչպես և նախարարությունը, կարծում եք, որ անհրաժեշտություն չկա, որպեսզի այս որոշումը տարածվի նաև մոլերի ու առևտրի սրահների վրա, այն էլ այն պարագայում, երբ շուտով սկսվելու է նախատոնական եռուզեռը, ու այդ վայրերում մարդկային կուտակումներն ավելի շատ են լինելու, քան, ասենք՝ ռեստորաններում, մանավանդ որ օրերս տեսանք այդպիսի կուտակում մոլերից մեկում՝ սև ուրբաթի շրջանակներում:

– Համաձայն եմ ձեզ հետ, կարելի էր այս սահմանափակումը կիրառել նաև մոլերի ու առևտրի այլ կենտրոնների համար ևս: Կարծում եմ՝ սա փուլային գործընթաց է ու աստիճանաբար կտարածվի նաև այդ կառույցների վրա, իհարկե, ձեր նշած վայրերը ռիսկային են, բոլոր կուտակում նախատեսող օբյեկտները համարվում են ռիսկային, և որոշումը կարելի է տարածել նաև դրանց վրա, բայց, կարծում եմ՝ հաջորդ փուլում կլինի նաև դա:

 – Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, ձեր գնահատմամբ՝ կիրառվող սահմանափակումները որքանո՞վ են նպատակային ու ժամանակին արվում համապատասխան գերատեսչության կողմից:

– Մեզ մոտ մի փոքր փորձում են ամեն բան թողնել ժողովրդի ազատ կամքի դրսևորմանը, որպեսզի մարդիկ գիտակցելով հասնեն նրան, որ պետք է պատվաստվել, բայց սա բերում է նրան, որ մենք ավելի շատ դեպքեր ենք ունենում, ու, կարծում եմ, որ այդ փափուկ ուժը կարելի էր ավելի վաղ մի կողմ դնել, որպեսզի թե՛ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնեինք, թե՛ մահվան դեպքերը նվազեցնեինք:

– Կորոնավիրուսի հետևանքով արձանագրվող օրական 30-50 մահվան դեպքերն ինչո՞վ եք պայմանավորում, ինչո՞ւ է Հայաստանում մահվան դեպքերի ցուցանիշն այսքան բարձր:

– Նման ցուցանիշը պայմանավորվում է ուշ դիմելիությամբ՝ թերահավատորեն են մոտենում խնդրին, մտածում են, որ տնային պայմաններում կկարողանան բուժվել, մինչև զգում են, որ արդեն անհնար է, նոր դիմում են բուժօգնության: Այս ամենին գումարվում է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, որտեղ բուժօգնության հասանելիությունը նվազում է ծանրաբեռնվածության հետևանքով:

Ու այս երկու գործոնը զուգահեռ բերում է նրան, որ մենք ունենանք աննախադեպ թվով մահեր, նույնիսկ ավելին, քան երկրորդ ալիքի ժամանակ ունեցանք: Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ կար նաև պատերազմը, եթե համեմատում ենք այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված մահերի ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ այս չորրորդ ալիքն ավելի շատ մահվան դեպքերով ավարտվեց:

Հուսով եմ, որ սա ավարտն է, քան երկրորդ ալիքը, որն ունեցանք անցյալ տարի: Պատճառներից մեկն էլ նաև դելտա շտամի ավելի ագրեսիվ լինելն էր, որովհետև դելտա շտամի մահաբերությունն ամբողջ աշխարհում էլ ավելի բարձր էր, քան մյուս շտամներինը:

– Ի հայտ է եկել նոր շտամ, որն ավելի ագրեսիվ է, քան դելտան: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանը որքանո՞վ է պատրաստ դիմակայելու նոր շտամին:

– Ավելի վարակելի է, այո՛, բայց հիվանդանոցների ծանրաբեռնվածության առումով դեռ վաղ է խոսել՝ ավելի ծա՞նր կլինի, թե՞ ոչ: Ուղղակի պետք է համաճարակային պրոցեսին համահունչ աշխատել, այսինքն՝ շատ օպերատիվ աշխատել թե՛ վիրուսի մուտքը կանխելու, թե՛ մուտքի դեպքում ներսում արդեն համարժեք միջոցառումներ իրականացնելու: 

Ես ուղղակի շատ եմ խնդրում մեր ժողովրդին, որ ամեն մեկն իր տեղում ուղղակի չքննարկի, թե ինչը ոնց պետք է արվի, սա այդ դեպքը չէ, պետք է հետևել ճիշտ որոշումներին: Օրինակ՝ ինչքան շուտ մենք պատվաստվեինք, այնքան ավելի քիչ կլինեին մահվան դեպքերը, երբ քննարկումների վրա ենք ժամանակ ծախսում, այդ ընթացքում մարդիկ են մահանում, իսկ երբ կա հաջողված փորձը, արդեն կարելի է դրան հետևել ու ընդունել այն: Սա է մեր խնդիրը, որն ունենք ու որի հետևանքով ունեցանք բազմաթիվ կորուստներ:

 – Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, հնարավո՞ր էր այնպես անել, որ մարդիկ այսքան թերահավատ չլինեին պատվաստման գործընթացի նկատմամբ, մինչ օրս էլ հանրության զգալի մասը դեռ երկմտում է՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:

– Հակապատվաստումային քարոզն առկա է ամբողջ աշխարհում, ուղղակի մի երկրում մի քիչ ավել, մյուսում՝ մի քիչ պակաս, դրա դեմ պետք է պայքարել, որովհետև դա իրոք չարիք է: Մարդկանց պետք է ուղղակի հասանելի դարձնել, որ պատվաստանյութը ոչ թե գործիք է, որով իրենց կառավարելու են, այլ գործիք է, որով իրենց կառավարում են առողջ լինելու առումով: Սրա մասին պետք է ավելի շատ իրազեկել, որովհետև մենք վարակիչ հիվանդությունների հետ ապրելու ենք, իսկ վարակիչ հիվանդությունների կանխարգելման լավագույն զենքը պատվաստումն է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am