Քաղաքակրթությունների բախում

A damaged flat after alleged Azerbaijani shelling in Ivanyan community of, Artsakh Republic

Ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթիգթոնը ժամանակին գուշակում էր, որ հետսառըպատերազմյան աշխարհում մարդկանց մշակութային ինքնությունը և կրոնական ինքնությունը կդառնա հակամարտությունների հիմնական պատճառը։ 

Անցնող հերոսական և արյունալի օրերը, մեզ պատուհասած պատերազմն ավելի են խորացնում այդ խնդրի առկայությունը։ Մենք գործ ունենք ոչ թե դասական՝ քաղաքակրթական պայքարի հետ, որտեղ կարող են բախվել քոչվորների և նստակյացների քաղաքակրթությունները, այլ նոր որակի՝ ժողովրդավար և ահաբեկչական քաղաքակրթական բախման հետ։ 

Երկրորդի պարագայում «քաղաքակրթություն» եզրույթի կիրառումը նույնիսկ խոր մոլորություն կարող է դիտարկվել։ Մենք այս դեպքում գործ ունենք միջնադարյան վանդալական գործելաոճի հետ՝ համեմված ժամանակակից ահաբեկչությանը բնորոշ հրեշավոր դեմքով։

Ցավոք, ստացվել է այնպես, որ ինքնորոշված ու իր հողում խաղաղ ապրել ցանկացող հայի գլխին պատուհասել են քաղաքակրթական, էթնիկ փնտրտուքների և աշխարհաքաղաքական շահերի մի հսկա փունջ։

Մի կողմում իր հողն ու տունը պահող մարդն է, իսկ մյուս կողմում՝ դեռ ինքնության դեգերումների մեջ գտնվող ադրբեջանցին։ Նախորդ շաբաթ Իրանի հյուսիսում տեղի ունեցած ցույցերը հենց այդ մասին էին։ 

Իրենց էթնիկ ադրբեջանցիների հետ նույնացնողները թշնամի համարեցին հայերին, ռուսներին և իրանցիներին համատեղ։ Իսկ մյուս կոչերը և արտահայտությունները, որոնք հնչում էին Թավրիզում կամ բուն Ադրբեջանում, ավելի շատ հիշեցնում էին պանթյուրքիստական գործընթացների հիշողություն։ Մեզ համար չափազանց հեշտ կլիներ, եթե մեր առջև լինեին միայն նրանք։

Սակայն, ինչպես վերը նշեցի՝ խնդիրը բազմաբևեռ է ու բազմափունջ։ Պանթյուրքիստական հետադիմական գաղափարակիրներին բացահայտ միացել է նեոօսմանականության ջատագովը՝ Թուրքիան։ 

Թուրքիայի լիակատար ու անվերապահ աջակցությունն Ադրբեջանին մեզ համար գաղտնիք չէր։ Գիտեինք շատ վաղուց։ Նրանք երիցս իրենց բերանով էին խոստովանել, որ կա մեկ ազգ, երկու պետություն։ 

Գաղտնիք չէր նաև, որ այդ աջակցությունը միայն «բարոյական» կամ «հոգեբանական» չէ, այն զգալի նյութական ու ռեսուրսային է։ Այն, ինչը պարզ էր մեզ համար, կարծես նոր «հայտնի» դարձավ աշխարհի հզորներին։ 

Եվ այդ հայտնությունից սողոսկեց երրորդ շերտը՝ ահաբեկչություն։ Նեոօսմանիզմի ձգտման ճանապարհին թուրքերը ոչնչի առաջ չեն կանգնելու։ 

Նրանց պետք է Հարավային Կովկասը։ Նրանց համար օրվա խնդիր է Ռուսաստանի դիրքերը թուլացնելը և նրան այս տարածաշրջանից հեռացնելը։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր գոյաբանական պայքարը, իր կամքից անկախ, սկսում է մաս կազմել ուժային կարևորագույն բևեռների բախմանը։

Այդ նույն ուժային կենտրոնները այսօր արդեն բացահայտ ու անդադար ազդարարում են. Ադրբեջանի կողմից կռվում են ահաբեկիչներ՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Իսկ այդ նույն ուժային կենտրոնները, որոնց համար ահաբեկիչները սիրելի «խաղալիքներ են» նաև սեփական հասարակություններին վախեցնելու համար, կարծես մոռանում են, որ նրանց առաջ կանգնած է մի փոքրիկ ժողովուրդ՝ իր գերմարդկային ճիգերի գնով։

Արցախում խնդիր են ունենալու բոլորը։ Խնդիր է ունենալու Ռուսաստանը, որի «ոխերիմ դաշնակից» Թուրքիան լրջագույն ձեռնոց  է նետել։ 

Խնդիր են ունենալու արևմտյան կենտրոնները, քանի որ այդ ահաբեկիչները սպառնալիք են նաև իրենց երկրների համար, խնդիր են ունենալու տարածաշրջանային բոլոր պետությունները։ Ստացվում է, որ այսօր Հայաստանը միայնակ պաշտպանում է քաղաքակիրթ աշխարհի քաղաքակրթական աշխարհակարգը՝ ժողովրդավարությունն ընդդեմ բռնապետության և ահաբեկչության։ 

Մեր պատերազմն արդեն դուրս է մշակութային ինքնության տիրույթներից։ 

Խաղաղություն բոլորիս:

MediaLab.am