Լրագրողական մրցույթ մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության լավագույն լուսաբանման համար

Լրագրողական մրցույթ մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության լավագույն լուսաբանման համար
Լրագրողական մրցույթ մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության լավագույն լուսաբանման համար

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ մարդու իրավունքների ասպարեզում ՄԱԿ-ի գործունեության, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման վիճակի, Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանի ներկայացրած և պատրաստվող զեկույցների, Հայաստանում գործող ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների՝ մարդու իրավունքներին առնչվող ծրագրերի լավագույն, արհեստավարժ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:

ՄԱԿ-ի մրցույթին լրագրողական նյութերի հանձնման կարգը

2014 թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի գրասենյակն ընդունելու է Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցների անհատ լրագրողների (ՀՀ քաղաքացի հանդիսացող) լրագրողական նյութեր վերոնշյալ՝ մարդու իրավունքների ոլորտին առնչվող թեմաների շուրջ։

Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և ֆոտոպատմություն: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում տեղակայված լինեն 2014 թ. ընթացքում:  Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի կրկնօրինակը, հեռարձակված տեսանյութի խտասկավառակը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL) կամ էկրանի ճեպապատկերը (screenshot):

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով [email protected] հասցեին («2014 թ. ՄԱԿ-ի  լրագրողական մրցույթ» վերնագրով), սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն՝ «ՄԱԿ-ի 2014 թ. լրագրողական մրցույթ» նշումով (հասցեն՝ ՀՀ, Երևան 0010, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի գրասենյակ), կամ ներկայացվել վերը նշված հասցեով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն:Նյութերի հետ խնդրում ենք ներկայացնել կից գրանցաթերթիկը՝ լրացված:

Խնդրում ենք ապահովել լուսանկարների թվային բարձր խտություն (նվազագույնը՝ 300 dpi), իսկ տեսանյութերը ներկայացնել լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv):
ՄԱԿ-ի լրագրողական մրցույթի վերաբերյալ հարցերը կարող եք ուղղել [email protected]  հասցեով կամ զանգահարել 560212:

Մրցանակաբաշխություն 

Հաղթողները մրցանակներ ու հավաստագրեր կստանան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից 2014 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:
 
Մրցութային հանձնաժողով
 
Մրցութային հանձնաժողովը բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները և ծրագրերը: Մրցութային հանձնաժողովի անդամների մասնագիտական կարծիքների հիման վրա կորոշվեն այն չափանիշները, որոնցով կգնահատվի աշխատանքի «լավագույն, արհեստավարժ և անկողմնակալ» լինելը: