Արթուր Դավթյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի, հանդիպել Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի հետ

Հունվարի 13-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալեց Տեր Եզրաս արք․ Ներսիսյանը։ Այդ մասին տեղեկացնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից։ 

Մասնավոր զրույցի ընթացքում թեմակալ առաջնորդը ներկայացրեց թեմի հոգևոր, մշակութային, կրթական և սոցիալական ոլորտի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով համայնքի համախմբվածությունը Եկեղեցու և ազգային արժեքների շուրջ։

«Դրա վառ վկայությունն է վերջին շրջանում համավարակի և հետպատերազմյան շրջանում Մայր հայրենիքի տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակի հաղթահարմանն ուղղված ռուսաստանաբնակ հայերի օգնությունը, որում մեծապես կարևորում ենք հոգևոր արժեքների վերականգնումը»,-ասաց սրբազան հայրը։

Գլխավոր դատախազն իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ առաջին անգամ է այցելում Մոսկվայի եկեղեցական համալիր և տպավորված է հոգևոր կենտրոնի կոթողայնությամբ, թեմի ազգանպաստ գործունեությամբ։ «Մշտապես համոզված եմ եղել, որ Հայ Եկեղեցին հատկապես սփյուռքում անգնահատելի ծառայություն է բերում ազգային-հոգևոր արժեքների պահպանման ու զորացման գործում»,- նշել է Արթուր Դավթյանը։