Սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին քիչ առաջ Տեղեկատվական միասնական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների դիակները տեղափոխելուն, Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացքում հայկական Զինված ուժերը թույլ են տվել Ադրբեջանի ԶՈւ-երի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից։

«Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ և եթե նրանց տարածքում էին, ապա ինչպես էին մեր վերահսկողության տակ և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանեին։ Հետևությունները թողնում եմ բոլորին», -հավելեց Հովհաննիսյանը։