«Եթե հարևանի հարսը չհասներ, երևի արդեն գերեզմանում կլինեի». վիճակագրությունը փաստում է շների հարձակման շեշտակի աճի մասին

Այսօր՝ հուլիսի 20-ին, Սպիտակ քաղաքում շան հարձակման թիրախ դարձած 8-ամյա երեխայի կյանքի համար բժիշկները վիրահատական սեղանի շուրջ պայքարել են մոտ երկու ժամ: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ դեմքի, գլխի, պարանոցի, ինչպես նաև ստորին վերջույթների շրջանում: 

«Հիվանդանոց բերելու պահին երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, այս պահին գնահատվում է կայուն ծանր: Վիրահատությունը հաջող է անցել, հետվիրահատական վիճակը նորմալ է։ Երեխան այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,- «Մեդիալաբին» ասում է Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ Ալեքս Ասատրյանը։ 

Ականատեսների վկայությամբ՝ հարձակվածը գամփռ է, որը կապերն արձակել և հարձակվել է երեխայի վրա: 

Թեև բժիշկների հավաստմանը, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, Սպիտակի դեպքը, որ միակը չէ վերջին տարիներին, բուռն քննարկումների տեղիք է տվել՝ հանրությանը կրկին բաժանելով շների հարձակումների խնդրի լուծմանն ուղղված թեր և դեմ կողմերի։ 

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիներին շեշտակի աճել են կենդանիների հարձակումներից տուժելու դեպքերը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018-2022 թվականների ընթացքում մարդկանց՝ կենդանիների կողմից տուժելու դեպքերը աճել են առնվազն 75 տոկոսով: Եթե, օրինակ, 2018 թվականին արձանագրվել է հարձակման 3710 դեպք, ապա 2022 թվականին դեպքերի թիվը հասել է 6512-ի։ 

Ընդ որում՝ վերջին հինգ տարիներին թափառող շներից տուժելու դեպքերը աճել են 142%-ով՝ 1345-ից հասնելով 3256-ի, իսկ տնային կենդանիներից տուժելու դեպքերը առնվազն 40%-ով՝ 2254-ից հասնելով 3156-ի։ 

84-ամյա Եվգենյա Պրազյանը մինչ օրս էլ հուզմունքով և վախով է հիշում այն օրը, երբ Արզնի գյուղի իր տան դիմաց 10-12 շներ հարձակվեցին իր վրա։ Միայնակ թոշակառուն ասում է՝ ոչ մի հարազատ չունի, եթե հարևանն էլ օգնության չհասներ, չի էլ պատկերացնում, թե ինչ կարող էր իր հետ պատահել։ 

«Կողքի հարևանի տուն էի ուզում գնայի, երբ հենց տանս դիմաց շները միանգամից վրա տվեցին, ու ես մեջքի վրա ընկա։ Սկսեցի գոռալ, որ օգնության հասնեն։ Ձայնիս վրա մեր հարևանի հարսը եկավ, բայց շները նրան էլ կծեցին, ու ինքն էլ ընկավ։ 

Աջ ոտքս երկու կողմից կծել էին, բայց ուզում էի կանգնել, որ կարողանամ հարևանի հարսին օգնել։ Էդպես մի կերպ կանգնեցի, հարսին էլ օգնեցի, միասին մի կերպ շներին քշեցինք, բայց եթե հարևանի հարսը չհասներ, երևի արդեն գերեզմանում կլինեի»,- «Մեդիալաբին» պատմում է Եվգենյա Պրազյանն ու հավելում՝ տեղի բուժկետում մի քանի ներարկումներ ստանալուց հետո ինքն է շարունակել իր վերքերը մշակել, քանի որ բուժաշխատող է։ 

«Շատ անգամներ ենք դիմել Արզնիի գյուղսովետ (գյուղապետարան), որ էս հարցին լուծում տան, մի բան անեն, բայց մեզ ամեն անգամ նույն բանն են ասում՝ մենք գործ չունենք, Ազգային ժողով դիմեք, իրանք են էդ հարցով զբաղվում»,- ասում է կինը։ 

«Նոր Արեշ» պոլիկլինիկայի իմունային կաբինետի բուժաշխատող Մարիամ Եսայանը ևս փաստում է՝ վերջին տարիներին թափառող շների հարձակման դեպքերից տուժած քաղաքացիների թիվն իրապես աճել է։ Եսայանն ասում է՝ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին շների կծելու դեպքերն այնքան էին շատացել, որ մարդկանց մյուս պոլիկլինիկաներից իրենց մոտ էին ուղեգրում։ 

«Տարեցտարի թափառող շների կծելու դեպքերն աճում են, իսկ վերջին տարիներին դրանք սկսել են ավելի հաճախակի դառնալ։ Հիմնական տուժողները 5-11 տարեկան երեխաներն են, թեև մեծահասակներ, ընդ որում՝ բավականին լուրջ վնասվածքներով, ևս ունենում ենք»,- ասում է Եսայանը։

Նա նշում է, որ մեծ մասը թափառող կենդանիների հարձակման դեպքերն են, թեև տնային կենդանիների հարձակման դեպքերը ևս քիչ չեն: 

«Վնասվածքները հիմնականում թեթև են, բայց իհարկե լինում են նաև լուրջ վնասվածքներով տուժածներ»,- նշում է նա։ 

Բնապահպանական ոլորտի լրագրող, «Դինգո թիմի» ներկայացուցիչ Մարիամ Թաշչյանի խոսքով՝ թափառող շների խնդիրը համակարգային, բազմաթիվ տարրեր պարունակող, բայցևայնպես, մտահոգիչ խնդիր է և բնորոշ է հիմնականում սոցիալապես ոչ այնքան զարգացած երկրներին։ 

«Ամենամեծ խնդիրը տնային կենդանիների հաշվառման բացակայությունն է։ Մեզ մոտ ուղղակի կենդանիներ են բուծվում, իսկ հետո այդ կենդանիների ձագերը հայտնվում են փողոցում ու դառնում թափառական, այնինչ նրանց պիտի հաշվառել և հարկ վճարել նրանց համար: Մարդը պիտի պարտավորություն ունենա շան ձագերի նկատմամբ՝ կամ չբազմացնի, կամ թույլտվություն ունենա և հստակ իմանա՝ ինչ է անելու»,- ասում է Թաշչյանն ու հավելում՝ մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը, որը և շների բազմացման համար մոտիվացիա է: 

«Մենք էլ եթե նույնիսկ օրական 1000 շուն ստերջացնենք, որոշ ժամանակ անց պատկերը նույնը կլինի, եթե չլուծվեն այդ խնդիրները։ Մասսայական ստերջացման արդյունքն էլ ակնհայտ կլինի միայն այն պարագայում, եթե ամբողջ հանրապետությունում կենդանիների 70-80 տոկոսը ստերջացվի, իսկ մեզ մոտ դեռ այդպես չէ»,- ասում է Թաշչյանը։ 

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի խոսքով՝ թափառող կենդանիների խնդիրը վերջնականապես լուծելու նպատակով սկսել են մի համալիր ծրագիր, որի բոլոր բաղադրիչների պատշաճ իրականացման դեպքում խնդիրը լուծում կստանա։ 

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թափառող շների խնդիրը լուծում է ստանում փուլային ձևով։ Համադրելով բազմաթիվ երկրների փորձը՝ մենք ստեղծել ենք խնդրի լուծման մեր մոդելը, որը ենթադրում է նախ կենդանիների գլխաքանակի վերահսկում ստերջացման միջոցով, իսկ հետո՝ տեղավորում կացարաններում։ 

Այս տարի պատրաստվում ենք կառուցել 300 նոր կացարան, որտեղ կենդանիները ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Նախատեսում ենք նաև 3-4 կացարան էլ կառուցել մյուս խոշոր վարչական շրջաններում։ Կարծում ենք՝ մայրաքաղաքում սա լուրջ փոփոխությունների կհանգեցնի»,- ասում է Առաքելյանն ու հավելում՝ այնուամենայնիվ, խնդրի վերջնական լուծմանը հասնելու համար անհրաժեշտ են նաև օրենսդրական կարգավորումներ։ 

«Ոլորտն ամբողջովին կարգավորելու համար անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնություն կամ օրենսդրական փաթեթ, որը կներառի կենդանիներ պահողներից մինչև կենդանիներ բուծողներին վերաբերող օրենսդրական մեխանիզմներ։ Մենք այս մասին բարձրաձայնում ենք դեռևս 2019 թվականից։ 

Նմանատիպ օրենքի նախագիծ այս պահին կա Ազգային ժողովում, որը դեռևս շրջանառման մեջ է, բայց սա գործընթաց է, որն ինչ-որ փուլում անպայմանորեն կյանքի կկոչվի։ Վերջնական արդյունք ունենալու համար մենք կարիք ունենք կարգավորել նաև մարզերում տիրող իրավիճակը։ Այսօր մենք փորձում ենք դանդաղ քայլերով առաջ գնալ, որպեսզի չսխալվենք, սակայն, հավաստիացնում եմ, որ կկարողանանք հասնել խնդրի վերջնական լուծմանը»,- «Մեդիալաբին» ասում է Առաքելյանը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am