«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը
– Պարո՛ն Միսակյան, Իրանն արդեն ունի նոր նախագահ: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի նախագահական ընտրությունների ընթացքը, և ի՞նչ սպասել Էբրահիմ Ռայիսիի նախագահությունից:
– Իրանի նախագահական ընտրությունները ընթացան բավական կանխատեսելի սցենարով: Հաստատված թեկնածուների մեջ, ըստ էության, հենց առաջին օրվանից նկատվում էր Էբրահիմ Ռայիսիի առաջատարությունը, և նա բավականին մեծ առավելությամբ հաղթեց ընտրություններում:
Իրանի նախագահական ընտրությունների համար այս ընտրությունների մասնակցության ցուցանիշը բավականին ցածր էր՝ մոտավորապես 50 տոկոս, որոնք Իրանի նախագահական ընտրությունների դեպքում չեն համարվում մասնակցության շատ բարձր ցուցանիշ:
Ռայիսին Իրանում դատական համակարգի ամենահայտնի գործիչներից է: Իսկ եթե քաղաքական հայացքներին անդրադառնանք, ապա նա ընտրությունների ժամանակ հայտարարեց, որ որևէ քաղաքական ուղղվածության չի հարում, այսինքն՝ իրեն չի համարում ո՛չ բարեփոխիչ, ո՛չ պահպանողական:
Բայց իր ընդհանուր հայացքներից, կարելի է ենթադրել, որ նա ավելի շատ պահպանողական քաղաքական գործիչ է համարվում, ինչի վկայությունն այն է, որ պահպանողական որոշ գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ, իրենց աջակցությունը հայտնեցին Ռայիսիին:
– Իսկ նոր նախագահը կշարունակի՞ Հասան Ռոհանիի վարած քաղաքականությունը, թե՞ զգալի տարբերություններ կլինեն:
-Նախկին նախագահը համարվում էր բարեփոխիչների քաղաքական ներկայացուցիչ, այսինքն՝ որոշակի փոփոխություններ պետք է սպասել Ռայիսիի նախագահության շրջանում, սակայն արմատական և խոշոր փոփոխություններ՝ հատկապես արտաքին քաղաքականության մեջ, չեմ կարծում լինի:
Եթե անդրադառնանք Վիեննայում ընթացող բանակցություններին, ապա Իրանում՝ նաև նախագահական ընտրությունների ընթացքում և հետո, տարբեր մակարդակներով հայտարարվեց, որ Իրանը նոր նախագահի շրջանում ևս շարունակելու է այդ բանակցային գործընթացը:
Հիմնական փոփոխություններ կլինեն Իրանի ներքին ոլորտներում:
-Պարո՛ն Միսակյան, տարածաշրջանում և հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերություններում, ի՞նչ սպասել նոր նախագահից:
– Կարելի է ենթադրել, որ Ռայիսին, ինչպես պահպանողական թևի բոլոր ներկայացուցիչ նախագահները, նախ Իսրայելի հանդեպ մի քիչ ավելի կոշտ քաղաքականություն է որդեգրելու, ինչը բախումներ կամ առճակատումներ բնավ չի ենթադրում, այլ՝ Իրանը կարող է Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունեցող որոշ պետությունների հետ վերանայել իր քաղաքականությունը՝ Իսրայելին հակազդելու նպատակով:
Մեր հետաքրքրության տեսանկյունից եթե նայենք, այդ երկրները կարող են լինել Ադրբեջանը և Թուրքիան: Ադրբեջանը, որովհետև Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, հատկապես Իրանի սահմանամերձ տարածքներում, խոսվում է իսրայելական ներկայության մասին, որին Իրանում բավականին խանդով և վտանգի սպառնալիքով են վերաբերվում:
Կարող ենք սպասել, որ Ռայիսին որոշակի հակազդեցություն ցույց կտա այս ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա Հայաստանին մեծացնել իր համագործակցությունը Իրանի հետ:
– Հայաստանի տարածքային ամբողջականության, տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ոտնձգությունների նկատմամբ Իրանի նոր նախագահը կշարունակի՞ Ռոհանիի որդեգրած քաղաքականությունը, թե՞ դա կախված է նաև Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունից:
– Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը հենց միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքն է, որը բնավ կապ չունի Հայաստանի կամ մեկ այլ պետության հետ:
Սա Իրանի ազգային գաղափարախոսության մի մասն է ու նաև իրենց համար վտանգի կանխարգելում, քանի որ Իրանում կան որոշակի անջատողական շարժումներ, և այդ երկիրը միշտ ունի այդ խնդիրը:
Արցախյան պատերազմից հետո Իրանից հնչած հայտարարություններից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Իրանում ցանկություն կա տնտեսական մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանում, հատկապես՝ Սյունիքի մարզում, ինչը կարող է դրական լինել մեզ համար:
Եթե Վիեննայի բանակցությունները բարեհաջող ավարտվեն, և պատժամիջոցների խնդիրը չլինի, իրանական կազմակերպությունների հետ համագործակցելու, հնարավոր է՝ Սյունիքի մարզում որոշ ծրագրերում իրանական ներդրումներ ներգրավելու, ինչն այս փուլում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:
Հստակ է նաև, որ Իրանում բավականին բացասական տեսակետ ունեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որը կարող է վտանգել նաև հայ-իրանական սահմանը:
Պետք է սպասել երկու երկրի կառավարությունների ձևավորմանն ու օրակարգի մշակմանը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղություններով են գնալու այդ հարաբերությունները:
– Այնուամենայնիվ, ինչպիսի՞ Հայաստան է անհրաժեշտ Իրանին՝ որպես գործընկեր:
– Իրանին ընդհանրապես ներկա փուլում պետք է տարածաշրջանային խաղաղություն, դրա համար էլ բավականին կոշտ արձագանքեց Հայաստանի սահմանին ադրբեջանական վերջին գործողություններին:
Իրանում ցանկություն ունեն ավելի խաղաղ տարածաշրջան տեսնել, որը կստեղծի նաև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ:
Ցանկացած իրավիճակում Իրանը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ցանկություն ունի և ունենալու է: Հայաստանում ևս նման ցանկություն կա՝ դատելով մամուլում եղած տեղեկություններից և տարբեր մակարդակներով հնչած մի քանի հայտարարություններից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am