Հայաստանում գերակշռում է խոզի գրիպը, բուժում ստացողների 89%-ը անչափահասներ են. Ռոմելլա Աբովյան

Լուսանկարը՝ Shantnews

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

– Տիկի՛ն Աբովյան, սուր շնչառական հիվանդությունների ի՞նչ պատկեր է Հայաստանում, հիվանդացության ա՞ճ, թե՞ նվազում է նկատվում։

– Այս պահին դեռևս դիտարկվում է հիվանդացության ակտիվություն։ Մենք վերլուծություններ իրականացնում ենք ամենօրյա կտրվածքով ու շաբաթական՝ համեմատելով տվյալ շաբաթը նախորդի հետ։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, այսինքն՝ համաճարակային ֆիլտրի, լայնածավալ իրազեկման աշխատանքների արդյունքում, ունենք հիվանդացության նվազում 1.1 անգամ, սակայն օրական կտրվածքով, բնականաբար, պատկերն այլ է լինում, նաև շաբաթ-կիրակիները մեծ ազդեցություն ունեն, դիմելիությունը շատ ավելի քիչ է, քան երկուշաբթի օրերին։

Փետրվարի 2-ի դրությամբ՝ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել մոտավորապես 1196 մարդ, որից 850-ը 0-18 տարեկաններն են, հիվանդացությունը գտնվում է միևնույն մակարդակի վրա՝ նախորդ օրվա համեմատ։ Թոքաբորբով հիվանդացությունը նվազել է 1.4 անգամ։ Շտապօգնութան կանչերը նախորդ օրվա համեմատ նույնն են․ կանչերի 45%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Այժմ ստացիոնար բուժում է ստանում 547 պացիենտ, որից 490-ը՝ մոտ 89%-ը, 0-18 տարեկաններն են։ Դեպքերը բացարձակ թվով աճել են 33-ով՝ մեկ օրվա կտրվածքով։

Թոքաբորբով պացիենտներից բուժում է ստանում 213 անձ, որից 39%-ը 0-18 տարեկաններն են, դեպքերը մեկ օրվա կտրվածքով նույնն են։ Վերակենդանացման բաժանմունքում ունենք 43 պացիենտ, 67%-ը՝ 0-18 տարեկան։

– Ո՞ր շտամներն են հիմնականում շրջանառվում։

– Շրջանառվող շտամներից հիմնականում գերակշռում է A տեսակի գրիպի H1N1 (խոզի գրիպ) ենթատեսակը, ունենք նաև H3 և B տեսակի գրիպի հարուցիչներ, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շրջանառվող հիմնական շտամը A տեսակի գրիպի H1N1 ենթատեսակն է։ Եթե մեկ ամիս առաջ աշխարհում՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում գերակշռում էր H3N2-ը՝ A տեսակի գրիպը, Ռուսաստանում ու մեզ մոտ էր միայն H1N1-ը առավել գերակշռող, ապա այսօր ամբողջ աշխարհում շրջանառվող շտամը H1N1-ն է։

H1N1-ի կլինիկան ինչպիսի՞ն է, սովորաբար բարդություններ լինո՞ւմ են։

– Բարդությունը միայն H1N1-ը չէ, ընդհանուր առմամբ, եթե գրիպի դեպքում ժամանակին չդիմեն բժշկական կամ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ, բարդություններն անխուսափելի կլինեն, մասնավորապես՝ երկրորդային մանրէային թոքաբորբը և մի շարք այլ բարդություններ, որոնք կարող են հասցնել ընդհուպ մահվան։

Գրիպի առաջին ախտանշանների դեպքում առաջնային պայման է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ, որպեսզի գտնվեն բժշկի հսկողության տակ, նաև թեստավորվել քովիդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի պարզաբանել՝ տվյալ ախտանշանները պայմանավորված են քովիդո՞վ, թե՞ կա շնչառական այլ վարակ, քանի որ բուժումներն էլ տարբերվում են։

Վերջին ամիսների ընթացքում տարվող լայնածավալ աշխատանքների արդյունքում ապացուցվել է, որ երբ բարձրացել է առաջնային պահպանման օղակ դիմելիությունը, զուգահեռ նվազել են շտապօգնության կանչերը, իսկ հոսպիտալացման դեպքերը՝ կայունացել։ Այսինքն՝ եթե անձը դիմում է առաջնային պահպանման օղակ, արդեն նշանակվում է համապատասխան բուժում, հիվանդությունը չի բարդանում ու հոսպիտալ դիմելու կամ շտապօգնություն կանչելու հավանականությունը նվազում է։

– Իսկ քովիդի մասով ի՞նչ պատկեր է առկա այս պահին։

– Ունենք դեպքերի աճ, բայց դա առավելապես պայմանավորված է նախարարության ձեռնարկած թեստավորման բարելավման գործընթացով, այսինքն՝ բոլոր սուր շնչառական վարակով պացիենտները պետք է թեստավորվեն քովիդի նկատմամբ թե՛ առաջնային պահպանման օղակներում, թե՛ հոսպիտալներում, այսինքն՝ բարելավվել է պացիենտների վաղ հայտնաբերման գործընթացը, ինչի արդյունքում ունենք հիվանդացության աճ։ Ամենօրյա դիտարկումներն արվում են, տեսնենք՝ ինչ միտումներ կլինեն ապագայում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am