Ատոմակայանը շարունակելու է բնականոն գործունեությունը ավելի ուժեղ տեմպով․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Հետպատերազմական օրերին, հասկանալի պատճառներով, մեր ԱԷԿ-ի թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ավելի տեսանելի եղան։ Այս շրջանում մեզ թշնամական երկու երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ավելի եռանդուն են գործում՝ անթաքույց պնդելով ՀԱԷԿ-ի փակման իրենց մտադրության մասին։ Մենք պետք է չանտեսենք նրանց այս քայլերը՝ զուգահեռ հակընդդեմ գործելով։

Ինչեւէ, «ՀՀ»-ն երեկ դիմեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանին՝ հասկանալու՝ արդյո՞ք պատերազմից հետո քաղաքական առումով ինչ-որ բան փոխվել է ատոմակայանի հետագա աշխատանքի հետ կապված։ Քաղաքական ենք ասում, քանզի տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա։ Ի պատասխան մեր հարցադրման՝ Մովսես Վարդանյանը շեշտեց․ «Ոչինչ չի փոխվել, սկսել ենք ավելի ինտենսիվ աշխատել։

Պատերազմից հետո՝ դեկտեմբերին, գլխավոր տնօրենի հետ եղել ենք Մոսկվայում, հանդիպել նաեւ «Ռոսատոմի» ներկայացուցիչներին։ Այս եւ հաջորդ տարիների միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրն արդեն կա։ Ատոմակայանը շարունակելու է բնականոն գործունեությունը ավելի ուժեղ տեմպով։ Մեծածավալ գործ ունենք անելու։ ԱԷԿ-ի գործունեության անհրաժեշտությունը հիմա ավելի ակնառու է։ Մենք պահեստամասերի եւ միջուկային վառելիքի պաշար ենք ապահովելու»։