ՀՀ պաշտպանության նախարարը դիմեց Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին

ՀՀ պաշտպանության նախարարը դիմեց Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին
ՀՀ պաշտպանության նախարարը դիմեց Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին

 
Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին
 
ՀՀ պաշտպանության նախարարի ողջույնի խոսքը Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին

Հարգելի պարոն դեսպան, 
Հայոց բանակի հարգելի մարտիկներ, 
Տիկնայք և պարոնայք
Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող  «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք եկանք այն եզրակացության, որ արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արևելքում ապահովելու ժամանակը և դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում: 
Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև անմիջապես սկսվեց ՅՈՒՆԻՖԻԼՈՒՄ-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթաց: Ինչպես արդեն ասեցի, այս ամենի համար պահանջվեց գրեթե երկու տարվա մանրակրկիտ ու հոգնատանջ աշխատանք, և ահա ամեն ինչ պատրաստ է, դու մեկնում եք Լիբանան…
Հենց սկզբից պետք է ասեմ, որ չեք գնում խաղաղապահության ոլորտի` Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում կուտակած ձեր գիտելիքների և հմտությունների համար պարծենալու նպատակով: Իհարկե, միջազգային առաքելության կազմում ձեր օտարերկրացի եղբայրների ու քույրերի հետ համատեղ ծառայելիս ոչ միայն կսովորեք իրենց փորձից, այլև համոզված եմ, ինքներդ էլ շատ լավ որակներ կունենաք ցուցադրելու: 
Այնուհանդերձ, Լիբանան առաջին հերթին գնում եք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը ձեր նպաստը բերելու համար, և դա անելու եք անկայունության կողմից կես դարից ավել ծվատվող մի երկրում, որտեղ ժամանակին խաղաղ համակեցությամբ արարում էին տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մի շարք ժողովուրդներ: Այսօր էլ, Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները: 
Լիբանան գնալու համար կա ևս մեկ կարևոր պատճառ: Լիբանանը ոչ Կոսովո է, և ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արևելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը:
Ես կաշխատեմ հնարավորինս շուտ անձամբ այցելել ձեզ, տեղում ծանաթանալու համար ծառայության պայմաններին և առկա խնդիրներին, եթե լինեն այդպիսիք: Սակայն համոզված եմ, որ արագ ինտեգրվելու եք միջազգային առաքելության ձեր ծառայակիցների շարքերում, վայելելու եք իտալական հրամանատարության հարգանքը և նվաճելու եք տեղի բնակչության սերն ու վստահությունը: Մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ տղաներ, անվտանգ ծառայություն, քաջ առողջություն և հոգու ամրություն` Հայոց զինուժի պատիվը օտար, բայց այդքան հարազատ, հեռու բայց նաև մոտիկ ափերում բարձր պահելու համար:
Շնորհակալություն: