Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները. Fip.am

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ աշխարհին։ Ու թեև շատ պետություններ փակեցին իրենց սահմանները, սակայն վիրուսը տարածվեց աշխարհի բոլոր երկրներում ու, ի վերջո, մոռացավ «հայրենի» Չինաստանը։

 «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է կորոնավիրուսային 2020-ը, վարակի պատճառած տնտեսական, սոցիալական և այլ հետևանքները։

Կորոնավիրուսը՝ «չինական» վարակ

Վարակի տարածման առաջին ամիսներին նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հիմնական օջախը Չինաստանն էր, որի շուրջ պտտվում էին հիմնական զարգացումները։ Սկզբում վարակը լուրջ չընդունվեց ո՛չ մարդկանց, ո՛չ պետական մարմինների կողմից, սակայն դեպքերի աճին զուգահեռ՝ փոխվեց նաև վերաբերմունքը։

Չինաստանում գրանցված 80 հազար դեպքերը վարակի տարածման պիկն էին համարվում երկար ժամանակ։ Ամիսներ հետո, սակայն, պարզ դարձավ, որ շուրջ 1․5 միլիարդ բնակչություն ունեցող երկիրն այս ցուցանիշով ամենաքիչը տուժած երկրներից մեկն է լինելու։ Կորոնավիրուսի բռնկումից մեկ տարի անց Չինաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվել է 6, մահացել՝ 3 մարդ։

Կորոնավիրուսի տարածման «աղբյուրը», ըստ գիտնականների, չղջիկն է, որից էլ այն անցել է մարդուն՝ հավանաբար Ուհանի շուկաներից մեկում։ 

Փետրվարի կեսին Չինաստանից վարակը հասավ Իտալիա, և այն դարձավ կորոնավիրուսի տարածման, այսպես ասած, «եվրոպական» կենտրոնը։ Երկրում վարակին անպատրաստ առողջապահական համակարգը գրեթե չէր հասցնում սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին։ Կարճ ժամանակում հիվանդության հետևանքով երկրում հազարավոր մարդիկ մահացան, Իտալիան դադարեցրեց մուտքն ու ելքը երկրի տարածք։ Իտալիայում, ի տարբերություն Չինաստանի, մահացության ցուցանիշնը բավական բարձր էր՝ 1338 մարդ մեկ միլիոն բնակչի հաշվով կամ՝ ավելի քան 80 հազար մահ մեկ տարվա ընթացքում։

Համաշխարհային սահմանափակումները՝ կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու միջոց

Իտալիայից հետո վարակը տարածվեց մնացած Եվրոպայում և մեծ արագությամբ՝ ամբողջ աշխարհում։ Մարտ-ապրիլ ամիսներին արդեն աշխարհի բոլոր մայրցամաքներում արձանագրվել էին կորոնավիրուսի դեպքեր, և սահմանափակումների ռեժիմ էր մտցվել։

Սա մեծ ազդեցություն ունեցավ թե՛ համաշխարհային տնտեսության, թե՛ մարդկանց հոգեկան առողջության վրա՝ կապված տեղաշարժման սահմանափակումների հետ։ Այդ սահմանափակումները տարբեր էին. կախված երկրից՝ որոշակի մեղմ սահմանափակումներից մինչև պարետային ժամ։ Մարդկանց շփումն ու շարժն արգելող միջոցառումները որոշակի ազդեցություն ունեցան վարակի տարածման տեմպերի վրա, սակայն տնտեսությունները կոլապսի չենթարկելու համար իրականացվող մեղմացումները թույլ չեն տալիս երկրներին ազատվել վիրուսից առհասարակ։

Մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է մոտ 90 միլիոն մարդ, մահացել՝ շուրջ 2 միլիոնը։

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ազդեցություն

Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունն ամբողջ աշխարհի վրա բավական մեծ էր։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում էր Մեծ ճգնաժամից հետո ամենամեծ տնտեսական անկումն աշխարհում։ Ըստ Համաշխարհային բանկի՝ 2020 թվականին արձանագրված 4,3 տոկոս տնտեսական անկումը ամենաբարձրն էր 1945 թվականից ի վեր։ Այդ տարի գրանցվել էր 9․8 տոկոս անկում։ 2021-ի թվականի համար բանկը կանխատեսում է շուրջ 4 տոկոս աճ, սակայն զգուշացնում նաև, որ այս կանխատեսումները խիստ անորոշ են։ 

Ի դեպ, անգամ 2020-ին Չինաստանում տնտեսությունն աճել է 2 տոկոսով։

Կորոնավիրուսի ազդեցությունը հատկապես մեծ էր տուրիստական կազմակերպությունների և ժամանցի կենտրոնների վրա։ 

Ըստ Տուրիզմի համաշխարհային կազմակերպության՝ զբոսաշրջությունը 2020-ին աշխարհում հասել է 1990 թվականի մակարդակին կամ նվազել 70-80 տոկոսով։ Միջազգային ժամանումների թիվը նվազել է շուրջ մեկ միլիարդով։ Տարվա ընթացքում ռիսկի տակ էին հայտնվել շուրջ 120 միլիոն աշխատատեղեր տուրիզմի ոլորտում։

Տարվա ավարտին Համաշխարհային բանկը հայտնեց աշխարհում ծայրահեղ աղքատության մակարդակի բարձրացման վտանգների մասին։ Ըստ այդմ՝ ծայրահեղ աղքատ անձանց թիվը 2021 թվականին՝ 2019-ի համեմատ, կարող է ավելանալ 88 միլիոնով։ 

Վիրուսն ազդեց նաև բնության վրա

2020-ի ընթացքում, կապված կիրառված սահմանափակումների հետ, բնություն արտանետված ջերմոցային գազերի քանակը նվազել է ավելի քան 7 տոկոսով կամ 2․4 մլրդ տոննայով։ Այս ցուցանիշը, պարզվում է, դիտարկված ժամանակահատվածում գրանցված ամենամեծ անկումն է։ Սա, սակայն, գրանցված կարճաժամկետ ազդեցություն է․ ածխաթթու գազի արտանետումների ծավալը 2021-ին կրկին կաճի։ Դրան նպաստել են ինչպես գործարանների փակումը, այնպես էլ հանրային և օդային տրանսպորտի աշխատանքների դադարեցումը և այլ հանգամանքներ։

Պատվաստանյութերի ազդեցության սպասումով 

Կորոնավիրուսից «ազատվելու» միակ տարբերակը, շատ ուսումնասիրողների կարծիքով, արդյունավետ պատվաստանյութի ստեղծումն է։ Որոշների կարծիքով էլ՝ այն շարունակելու է ապրել մարդկության հետ, ինչպես մի շարք այլ վիրուսների դեպքում է եղել։ 

Ամեն դեպքում, կարճ ժամանակում մի քանի հարյուրի հասնող պատվաստանյութերի մշակում և արտադրություն սկսվեց մի շարք երկրներում։ 2020-ի ավարտին արդեն փորձնական կիրառության էին դրվել ռուսական Sputnik V, ամերիկյան Moderna ու Pfizer և այլ պատվաստանյութեր։ Նախքան Ամանորը մի շարք երկրներում սկսվեց կորոնավիրուսի պատվաստանյութերի կիրառություն։ Եվ չնայած պատվաստումները դեռ մեկ ամիս են ընթանում, արդեն իսկ առկա են որոշակի խնդիրներ կապված դրանց հետ։ Մասնավորապես, եվրոպական մի քանի երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո մահվան դեպքեր են գրանցվել։ Պարզվում է, առավել խոցելի են տարեցները։ Այս խնդիրը, սակայն, դեռ ուսումնասիրության կարիք ունի։

Մուտացիաներ և նոր՝ ավելի վարակիչ շտամպ

2020-ի ավարտին սպասվում էր վակցինաների հաստատում և կիրառություն, որից հետո համաճարակային իրավիճակը երկրում կարող էր փոխվել, սակայն կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում, գրանցվեց վարակի հերթական մուտացիաներից մեկը, որը, ի տարբերություն նախորդ ձևափոխությունների, 30-50 տոկոսով ավելի արագ է տարածվում։  Սրա պատճառով աշխարհի մի շարք երկրներ դադարեցրել են օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ, իսկ Միացյալ Թագավորությունը խստացրել է կարանտինային ռեժիմը։ Վարակի նոր շտամպը, սակայն, տարածվում է տարբեր երկրներում և հասել է անգամ հարևան Վրաստան։

Անի Ավետիսյան

Fip.am