Կոալիցիայի անդամները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ

Կոալիցիայի անդամները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ
Կոալիցիայի անդամները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ

Այսօր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի (ՀՀԿ) եւ հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ:

Հանդիպման նպատակը  հանձնաժողովին ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումն էր: Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ ընտանեկան բռնության խնդիրը մտահոգում է իրենց եւ իրենք պատրաստ են օրենսդրական քայլեր ձեռնարկելու՝ հանուն բռնության կանխարգելման: Պատգամավորները, սակայն, որոշ վերապահումներ ունեն նախագծի մեջ ներառված մի շարք դրույթների վերաբերյալ:

ԱԺ պատգամավորների եւ կոալիցիայի անդամների միջեւ ձեռք բերվեց համաձայնություն, որի ընթացքում Կոալիցիան պետք է ներկայացնի օրենքի նախագծի հայեցակարգը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովում նախագիծը քննարկելու եւ համատեղ աշխատանք տանելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ստորագրահավաք էր իրականացրել, որին միացել էին 2000-ից ավելի քաղաքացիներ: Քաղաքացիները բացիկներ էին ուղարկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովին`պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք:

Նոյեմբերի 25-ին Կոալիցիան օրենքի նախագիծը ներկայացրել էր Ազգային Ժողովի 131 պատգամավորներին, ինչպես նաեւ նախագծի քննարկման համար առանձին հանդիպում խնդրել: Նշենք, որ բացի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Կոալիցիայի անդամների հետ հանդիպելու ցանկություն են հայտնել նաեւ ԲՀԿ, Ժառանգություն եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորները: Վերջիններիս հետ հանդիպումները տեղի կունենան այս շաբաթվա ընթացքում:

Այս մասին տեղեկացնում է կոալիցիայի մամլո հաղորդագրությունը: