ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանն այցելել է «Խելացի լուծումների կենտրոն»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց կատարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն», որը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացավ ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» նոր հայեցակարգին և ուղղություններին։ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուրադ Մուսայելյանի հետ քննարկեց 2021թ. նախարարության ու միության համագործակցության հնարավորությունները։

«Նախարարությունը կարևորում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությունը: Դրական փորձից ելնելով է, որ լիահույս ենք, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և կնպաստի ոլորտի զարգացմանը»,- նշեց Վիկտորյա Պողոսյանը։

Էդուրադ Մուսայելյանը նշեց, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019թ․-ից: «Այս ժամանակահատվածում վերանորոգվել և սարքավորումներով  հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ և վերապատրաստումներ իրականացնելու և ստարտափ էկոհամակարգեր ձևավորելու նպատակով»,- նշեց Է․ Մուսայելյանը՝ հավելելով, որ իրենց միության համար կարևոր է ոչ միայն թեմատիկ դասընթացների իրականացումը, այլև ոլորտային դասավանդողների կրթումն ու վերապատրաստումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

«Խելացի լուծումների կենտրոն»- ում այս պահին մշակման փուլում են նոր ծրագրեր արհեստական բանականության, ձեռներեցությունը IT ոլորտում, միկրոէլեկտրոնիկա թեմաներով, կշարունակվի նաև կիբերանվտանգության թեմայով ընթացիկ ծրագիրը։ Միությունը նախատեսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել լսարան, որը կծառայի որպես համատեղ օգտագործման տարածք (coworking), ինչի շնորհիվ  ուսանողները կկարողանան հենց համալսարանի ներսում աշխատել տարբեր ծրագրերի նախագծման և մշակման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է Կիբերանվտանգության առցանց դասընթաց, որը կամփոփվի 2021 թ. փետրվարին։ Դասընթացին մասնակցում և վերապատրաստվում է 100-ից ավել երիտասարդ՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից։

ՀՀ ԲՏԱ նախարարության կազմակերպած բարձր տեխնոլոգիական ոլորտի կրթական/վերապատրաստման ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝  www.edu.hti.am ։