Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է. ՀՀ ԱԳՆ-ն Իրանի արտգործնախարարի այցից առաջ տեղեկանք է ներկայացրել

Հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Իրանի արտաքին գործերի նախարարի այցից առաջ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ համառոտ տեղեկանք (2019-2020թթ.) է ներկայացրել.

Քաղաքական երկխոսություն

2019թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։

Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

2019թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։