Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ, հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։ Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ:

Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս, մեր տեղերում, անդամագրվեցինք հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչև թիկունք դառնալով հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը:

Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ:

Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական և սրանում մեր բոլորիս անելիքը չափազանց մեծ է: Իհարկե բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ, այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նաև բոլոր այն նվիրյալներին ովքեր կանգնած էին հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ և կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ:

Փա՛ռք Հայոց բանակին»: