Արցախում ռուս ականազերծողներն ավելի քան 15 հազար պայթյունավտանգ զինամթերք են հայտնաբերել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են իրականացրել ավելի քան 123 հեկտար  տարածքի վրա՝  հայտնաբերելով մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Լեռնային Ղարաբաղում «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբը ներկայում աշխատանքները շարունակում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 հազար զինամթերք:    Ընդ որում՝ հայտնաբերվել է ավելի քան 6,8 հազար հրետանային արկ և 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝  ավելի քան 730 ականանետային արկ ու ավելի քան 1100 նռնակ:

Միայն հունվարի 29-ի օրվա ընթացքում ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից»,- հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ տեղի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում  գերատեսչության աշխատակիցներին՝ տեղեկատվություն հաղորդելով  պայթյունավտանգ առարկաների գտնվելու հնարավոր վայրերի մասին: