Կանանց հզորացումը կարևոր է. անցկացվեց «Կանանց ստեղծարար ներուժ» ցուցահանդես-տոնավաճառ

Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ «Հոդված 3» ակումբում անցկացվեց «Կանանց ստեղծարար ներուժ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը: Ցուցահանդես-տոնավաճառը կարեւոր հարթակ էր նաեւ արցախցի կանանց եւ նրանց կողմից ստեղծված սոցիալական նախաձեռնությունների ճանաչման եւ խրախուսման համար: Բացման արարողությանը ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը:

Գայանե Աբրահամյանը նշեց, որ ակումբը մարտի 8-ին անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ կանանց իրավունքների և խնդիրների մասին, բայց այս տարի որոշվեց, որ անհրաժեշտ է արդեն իսկ ստեղծագործող և ինքնադրսևորման բազմաթիվ անկյուներ իրենց մեջ բացահայտած կանանց հնարավորություն տալ նաև վաճառք իրականացնելու:

«Կանայք չափազանց բարդ տարի են անցկացրել, և այս տարի կանանց հզորացումը կարևոր է, քանի որ, ինչպես ապացուցված է տարբեր հետազոտություններով, կանայք շատ ավելի արագ են սթրեսից դուրս գալիս և շատ ավելի արագ են վերագտնում իրենց հնարավորություններն ու պետության զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր է կանանց աջակցությունը»,- ընդգծեց Գայանե Աբրահամյանը:

ԵՄ դեսպանի խոսքով` ԵՄ-ի համար Մարտի 8-ը կարևոր է այն տեսանկյունից, որ աջակցում է գենդերային հավասարությանը, կանանց հավասար աշխատավարձ ստանալուն, ինչպես նաև հավասար հնարավորություններին:

«Ես տեսնում եմ շատ գեղեցիկ ներկայացված իրեր և սա դիտարկում եմ որպես առաջին քայլ կանանց անկախության` բիզնեսի և սեփական գումար աշխատելու հնարավորության  տեսանկյունից: Այս հարցում արդեն աջակցում ենք Հայաստանին, սակայն ինչքան ավելին ենք տեսնում, այդքան ավելի ենք ուզում աջակցել: Այս երկիրը հույսի և ապագայի տեսլականի կարիք ունի, պետք է վերականգնվի սոցիալապես և տնտեսապես»,- ասաց Վիկտորինը:

Միջոցառման ընթացքում եղան նաև կանանց իրավունքների մասին զրույցներ, հատուկ հյուրերի մասնակցություն և հյուրասիրություն: