Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհություն է առաջացրել. ռեստորանները սպառնում են բացվել

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, այն է՝ բացել օբյեկտները շաբաթ օրը չսպասելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակման չեղարկմանը:

«Անհնազանդությունը, օրենքի խախտումը, օրենքի պահպանությանն ընդդիմանալը անընդունելի է, սրան կհետևի խիստ արձագանք:  Իմ խնդրանքն ու հույսն է, որ նման սխալ, ապօրինի քայլի չեն դիմի ու չեն բարդացնի մեր միջև եղած երկխոսությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրնավան:

Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն հայտարարել էր, որ շաբաթ օրը ռեստորանները կբացվեն՝ իրենց իսկ որոշմամբ:

Միջգերատեսչական խորհրդի սահմանափակումները վերացնելու փուլային համակարգի համաձայն, երկրի ողջ մասշտաբով ռեստորաններն ու սննդի օբյեկտները, այդ թվում՝ հյուրանոցները, աշխատանքը պիտի շարունակեն միայն տուն տանելու ու առաքման ծառայություններով:

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, սակայն,  պահանջում են բացել ռեստորանները, որպես բողոքի նշան մինչև 200 ռեստորան հունվարի 30-ին առհասարակ դադարեցրել էր աշխատանքը 24 ժամով: