ՀՀ իշխանությունները՝ Human Rights Watch-ի քննադատության թիրախում. «Ազատություն»

ՀՀ իշխանությունները՝ Human Rights Watch-ի քննադատության թիրախում. «Ազատություն»
ՀՀ իշխանությունները՝ Human Rights Watch-ի քննադատության թիրախում. «Ազատություն»

«Ազատություն»-Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում հիշատակում է միջամտությունները խաղաղ ցույցերին, ակտիվիստների ձերբակալությունները, Շանթի գործը:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որը փաստում է՝ աշխարհի բազմաթիվ կառավարություններ մի մեծ սխալ են թույլ տալիս` անվտանգության խնդիրների քողի տակ անտեսում են մարդու իրավունքները:

Իրավապաշտպան կազմակերպության 2015 թվականի զեկույցը նվիրված է ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը 2013-ի վերջին ամիսներից մինչև 2014-ի նոյեմբեր ժամանակահատվածում: Տարին աչքի ընկավ առանձնահատուկ լարվածությամբ, ասվում է փաստաթղթում:

Հայաստանը, ինչպես և հարևան երկրները, իրավապաշտպան կազմակերպության քննադատության թիրախում է:

2014 թվականին Հայաստանի իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Ոստիկանությունը, համաձայն իրավապաշտպանների, անցած տարվա առաջին կիսամյակում խաղաղ ցույցերի ընթացքում առնվազն 70 ակտիվիստի է ձերբակալել, այդ թվում՝ Աֆրիկյանների շենքի քանդման դեմ բողոքող, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող ցուցարարների:

Զեկույցում անդրադարձ կա նաև Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցների հեռացման դեպքին:

Կազմակերպությունը չի շրջանցում Շանթ Հարությունյանի և նրա 13 աջակիցների ձերբակալությունը, Շանթի 15-ամյա որդուն կալանավորելու փորձերը:

Տեղացի իրավապաշտպանների կարծիքով՝ այս ամենի դրդապատճառները քաղաքական են, ասվում է զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպությունը առանձնացրել է նաև կալանավորված անձանց նկատմամբ խոշտանգումների խնդիրները՝ հավելելով դրանց վերաբերյալ լրագրողական հետաքննությունների ձախողված փորձերը: Լրագրողները շարունակել են բախվել ճնշման և բռնության, ասվում է փաստաթղթում:

Զեկույցի հեղինակները մատնանշում են նաև բանակում շարունակվող լուրջ չարաշահումները, գենդերային խնդիրները:

Կազմակերպությունը հիշատակում է «Իրավունք» թերթի աղմկահարույց հրապարակումը՝ 60 հոգուց բաղկացած «սև ցուցակը»: Լրատվամիջոցների բազմակարծությունը շարունակում է սահմանափակ մնալ, ասվում է զեկույցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը, անդրադառնալով նախկին խորհրդային երկրներին, ասել է՝ այդ երկրներում տպավորիչ տեղաշարժեր չեն արձանագրվել: «2012 թվականին Կրեմլի նախաձեռնած՝ խորհրդային տարիներից ի վեր ամենահուժկու հետապնդումները այլախոհների, անկախ լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ շարունակվել են», – հայտարարել է Ռոթը: Ավելին`սկզբնաղբյուրում: