«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի իշխանության հետ». Նիկոլ Փաշինյան

«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի իշխանության հետ». Նիկոլ Փաշինյան
«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի իշխանության հետ». Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ձևավորված կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին: Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունը բացառիկ է մի քանի իմաստով:

«Համաշխարհային պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, որը խորհրդարանում ընդամենը մի քանի վստահելի մարդ ունի»,- ասաց վարչապետը:

Բացի դրանից, նրա խոսքով, երկրում տեղի ունեցած հեղափոխությունը բացառիկ է իր բովանդակությամբ, որովհետև ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է, այլ հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչը, Հայաստանում բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում:

«Սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անվանում ենք հեղափոխություն, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և հիմա հաստատվել է մի կառավարման համակարգ, որն ընդունված է համարել ուղիղ ժողովրդական կառավարում: Այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ դեռևս ոմանք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին խոսելիս օգտագործում են կոալիցիա հասկացությունը: Հայաստանում չկա կոալիցիա, չկա խորհրդարանական մեծամասնություն: Այստեղ կա ժողովուրդ, հենց սրանում է հեղափոխության իմաստը: Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, սրանից հետո հաշվետու է և ենթարկվում է այս հրապարակին: Մենք Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պետք է հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք կամ արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել հանրաքվեի ինստիտուտը: «Կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունն ու ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով՝ սա է մեր հեղափոխության երկրորդ ալիքը: Այս առումով այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել նույն մակարդակի վրա, ինչպես Հին Աթենքում դեմոկրատիայի հաստատումը: Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի Ագորան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով իր գլխավորած կառավարության 100 օրվա ձեռքբերումները՝ Փաշինյանը նշեց, որ ի տարբերություն հեղափոխությունից հետո եղած կանխատեսումների՝ Հայաստանում տնտեսությունը զարգանում է, և արձանագրվում են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ:

«Հունիսին, որը հետհեղափոխական առաջին ամիսն էր,  գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվանը կազմել է 8,9 տոկոս: Կան բոլոր հիմքերը, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր կառավարման շրջանում երկրում նվազել է արտագաղթը:

«Մայիսից 10-ից օգոստոսի 14-ն ընկած Ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 հազար 986 մարդով ավելի շատ մարդ, քան մեկնողների թիվն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6 հազարով, այս տարի եկածների թիվն ավելի է 29 հազարով: Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը Փաշինյանը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդին թալանածներին բացահայտելը՝ միաժամանակ, ընդգծելով, որ իրենց նպատակը ոչ թե հանրապետության բանտերը լցնելն է, այլ ժողովրդից թալանածը վերադարձնելը: Ավելին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ միջազգային կառույցները պատրաստ են համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված միլիոնները վերադարձնելու ուղղությամբ:

Փաշինյանի խոսքով՝ իրավապահ մարմիններն այսօր աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ: Մի կողմից՝ կա անվստահություն դատական մարմինների նկատմամբ, մյուս կողմից գործող օրենսդրությունը որոշ դեպքերում թույլ չի տալիս պատժել երկիրը թալանածներին:

Օրինակ, «Ապօրինի հարստացման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից, և իրավաբանորեն դրանից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար, սակայն նա պետական պաշտոն չի զբաղեցրել, ինչը բարդացնում է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը:

Այս խնդիրները լուծելու համար առաջիկայում Փաշինյանի կառավարությունը մտադիր է քննարկումներ սկսել անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու շուրջ, որը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, և շատ երկրներ անցել են այդ փուլը:

Վարչապետի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ հին տնտեսական աճի մոդելը փոխվի:

«Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, հասանելիությունը և ազատությունը, և բոլորը հավասար են լինելու օրենքի ու հարկային մարմինների առաջ: Ես 2017 թվականի աշնանը ասեցի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը և ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա բանանի եւ շաքարավազի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ, եւ դրա տերը դուք եք՝ ՀՀ քաղաքացիները»,- հայտարարեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ վստահեցնելով, որ դրանք գնալով ավելի են բարելավվելու:

«Արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու, և մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն ու այն նոր մակարդակի բարձրացնելն է: Համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո դուք կիմանանք հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որը մեր անկախ պատմության մեջ աննախադեպ է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը աշխարհագրական և քաղաքական առումով որևէ կողմ չի գնում:

«ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, այն ամուր կանգնած է իր ոտքերի վրա ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով ու արժանապատիվ կեցվածքով: Արտաքին քաղաքականության մեր կարևորագույն գաղափարը ազգային շահերի պաշտպանությունն է: Մենք լավացնելու ենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ իշխանությունները փորձել են իրենց պատասխանատվությունը գցել արտաքին ուժերի վրա: Այդ պատճառով էլ նրանց սխալները կապվել են Ռուսաստանի հետ:

Անդրադառնալով Արցախի թեմային՝ վարչապետն ասաց, որ պատրաստ է Հայաստանի անունից լիարժեք բանակցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում, սակայն համարում է, որ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, բայց կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Մենք պատերազմ չենք ուզում: Պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նրանք, ովքեր փորձում են ինձ վրա հող հանձնելու որևէ կասկած գցել, չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, ոչ թե կառավարությունը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ինքը բանակցային գործընթացի հետ կապված որևէ թուղթ չի ստորագրի՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու:

«Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի մի տարբերակ, որին ես կհավատամ ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ: Ես մանրամասն կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք կարգավորման այդ տարբերակին, թե ոչ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին, Փաշինյանը հայտարարեց, որ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի խոսքից դատելով՝ ինքը միանշանակ կարող է ասել, որ Մարտի 1-ը բացահայտված է: Նա հիշեցրեց, որ իրենք հրաժարվել ենք դատավորներին հրահանգ տալու նախորդ իշխանությունների արատավոր պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկին թույլ են տալու խուսափել պատասխանատվությունից։

«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի իշխանության հետ: Թե ձեզ թվում ա՝ մենք ձևերը չգիտենք դատավորներին հաթաթա տալու: Նստելու եք բոլոր մարդասպաններով»,– ասաց վարչապետը՝ դիմելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատավորներին:

Որպեսզի գործող սահմանադրության համաձայն արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար գործող վարչապետը հրաժարական տալով՝ հակահեղափոխական ուժերին հնարավորություն չտա սեփական թեկնածուին առաջադրելու, Փաշինյանը մտադիր է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որպեսզի Ազգային ժողովը հնարավորություն ստանա ինքնալուծարվելու և այդ ճանապարհով հնարավորություն լինի արտահերթ ընտրություններ անցկացնել:

MediaLab.am