Մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրն ամբողջությամբ կլուծվի մինչև մարտի 1-ը

Պաշտպանության նախարարությունը մինչև մարտի 1-ն ամբողջությամբ կլուծի մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Այսօր չի վճարվել մոտ 3-4%-ը: Նրանք չեն վճարվել, որոնք չեն ներկայացրել անձնական տվյալներ, երկրորդը նրանք են, որ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: Այդ գործընթացն ընթանում է և կարծում ենք, որ մինչև մարտի մեկը այդ հարցերը կլուծենք և կվճարենք»,- ասաց Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը հավելեց, որ խնդիր կա նաև այն անձանց հետ կապված, որոնք կամավոր գնացել են, սակայն զորամասում չեն գրանցվել:

«Որպեսզի այդ վճարումներն իրականացնենք, պահանջում ենք, որ ներկայացվեն այն զորամասից տվյալներ, որտեղ իրենք մասնակցել են գործողություններին»,- նշեց նախարարը: