ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը

ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը
ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը

ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
«Արդեն ավանդական դարձած «ԱրմԹեք» համաժողովը կարևոր դեր է կատարում Հայաստանի տնտեսական կյանքում: Այն հնարավորություն է տալիս քննարկել և նախանշել մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Բոլորին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հուսով եմ, որ այսօրվա համաժողովը նոր լիցք կհաղորդի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»,-ըստ հաղորդագրության ասել է վարչապետը:

Իր ելույթում նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ վերջին շրջանում ոլորտում արձանագրվում է շուրջ 25 տոկոս տարեկան աճ: Կառավարության ղեկավարի խոսքով` դառնալով մեր երկրի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը` ՏՏ ոլորտը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում տնտեսության զարգացման համար. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձևավորված մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթներն ու տվյալ ոլորտում բավական ամուր համալսարանական ներուժը: Խորհրդային տարիներին Հայաստանի տնտեսական մասնագիտացումներից մեկը հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն էին` software, hardware, semiconductors, որոնք սպասարկում էին ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրը: Հայաստանը նախկին ԽՍՀՄ տեղեկատվական տեխնոլոգիաների եզակի կենտրոններից էր: Մեզ մոտ ձևավորվել էին այդ արդյունաբերությունն սպասարկող անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բավարար մասնագիտական ներուժ»:

Ոլորտում արձանագրվող շարունակական առաջընթացի հարցում Տիգրան Սարգսյանը կարևորել է համաշխարհային գիտական և տեխնոլոգիական առաջատար կենտրոններից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի մեծաթիվ հայկական համայնքի դերը, ինչը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանի լրջագույն առավելություններից է: Նա ընդգծել է, որ սփյուռքը հսկայական ներուժ ունի աշխարհում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ու առաջատար կենտրոնների հետ կապեր հաստատելու և մեր երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու առումով:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումներին` կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն, որից 107-ը ներկայացնում են արտասահմանյան ընկերություններ, ընդ որում` 50-ը ամերիկյան կապիտալի մասնակցությամբ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը 205 մլն ԱՄՆ դոլար է, որից արտահանելի մասը` 120 մլն-ը: Շարունակաբար աճում է ոլորտում զբաղվածների թիվը, որն այս պահի դրությամբ հասնում է 6760-ի:

Վարչապետ Սարգսյանն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխոնոլոգիաների զարգացման գործում. «Կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ են գրավում կրթությանը վերաբերող խնդիրները: Մենք հիմնել ենք «Լույս» հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի 10 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում: 21-րդ դարի հասարակության զարգացման շարժիչ ուժը կրթված մարդն է, և այսօր պարտավոր ենք լուրջ ներդրում կատարել ապագա սերնդի կրթության գործում»:

Ամփոփելով ելույթը` վարչապետը համոզմունք է հայտնել, որ «ԱրմԹեք-2012» համաժողովը կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

© Medialab.am