Ուզում եմ խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից․ Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,

Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել:

Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:

Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։

Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը: