ՀՀ գյուղատնտեսական արտադրությունն աճել է 1,5%-ով՝ ԵԱՏՄ երկրների ընդհանուր միջին 2,3% աճի ֆոնին

 Հայաստանում գյուղատնտեսական արտադրության ծավալը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 1 մլրդ 733,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, աճել 1,5%-ով։

Դա այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների 2020-ի ընդհանուր գյուղատնտեսական արտադրության ցուցանիշը կազմել է 114 մլրդ 374,0 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա համեմատ աճել 2,3%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

Ընդ որում, 2020-ի հունվար-դեկտեմբերին Բելառուսի գյուղատնտեսության ճյուղում թողարկվել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) 9 մլրդ 314,6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք (մշտական գներով), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,9%-ով։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում գյուղատնտեսական արտադրության ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը անցյալ տարի կազմել է 15 մլրդ 186,0 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի համեմատ աճել 5,6%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 3 մլրդ 197,1 մլն ԱՄՆ դոլար և 1,1% աճ, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 114 մլրդ 374,0 մլն դոլար և 2,3% աճ։