Հետհեղափոխական ֆեյքերի ֆենոմենը. որքանո՞վ դրանք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա

Հետհեղափոխական ֆեյքերի ֆենոմենը. որքանո՞վ դրանք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա
Հետհեղափոխական ֆեյքերի ֆենոմենը. որքանո՞վ դրանք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա

ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի օգտին օնլայն հարթակում գործող խմբերը հույս ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա, բայց դա նրանց չի հաջողի:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացած ֆեյք օգտատերերի՝ այսպես կոչված հակահեղափոխականների խնդրին։

«Իրենց թվում է, թե արդարադատությունը կարելի է փոփոխել, խոչընդոտել ու ձևափոխել ֆեյքերի միջոցով: Բայց հանրային ընկալումների վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի բացահայտ խոսքը, երբ մարդն իր խոսքը հրապարակային է ասում, իսկ թաքնված խոսքը, որի հեղինակը հայտնի չէ, որևէ ազդեցություն չունի հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մանավանդ երբ խոսքը վերաբերում է զրպարտություններին, վիրավորանքներին ու զուտ ինքնապաշտպանությանը: Հիմա ինչքան ուզում են Ռոբերտ Քոչարյանի նկարը դնեն «Ֆեյսբուքում», դրանով կարծում են քարոզչությո՞ւն են իրականացնում»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ ֆեյք օգտատերերի հակաքարոզչությունը հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակնհայտ դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո: Լևոն Բարսեղյանն ասում է, որ ի վերջո նրանք պետք է հասկանան մի բան, որ հեղափոխությունների, իշխանափոխության, հեղաշրջումների, դատավարությունների վրա զանգվածային լրատվամիջոցներով խոշոր հաշվով ազդել հնարավոր չէ:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ երբ ԶԼՄ-ները մոնոպոլ էին կառավարվում, մենաշնորհ կար, այլ իրավիճակ էր: «Հիմա ինչքան ուզում է փող թափեն, գովազդային նյութեր դնեն «Ֆեյսբուքում», հեռուստատեսությամբ, դրանով ընդամենը կարող են մի քիչ դանդաղեցնել պրոցեսը: Բայց գերագնահատել դրա ազդեցությունը չարժի: Ես օրինակ բերեմ. հեղափոխությունը տեղի է ունեցել առանց հեռուստաընկերությունների օգնության, ավելին, հեռուստաընկերությունների բուռն դիմադրության ու հակաքարոզի պայմաններում: «Ֆեյսբուքում» իրենք էլի վայրահաչել են, հեղափոխականներն էլ «Ֆեյսբուքն» օգտագործել են որպես իրազեկման հարթակ»,- ասաց նա: Ըստ Բարսեղյանի՝ նրանք հասկանում են, որ իրենց քարոզչությունն իրենց դեմ է աշխատում: «Հիմա մեկը, երբ բերանը բացում, Սերժիկին ու Ռոբիկին է պաշտպանում, հետևից 50 հոգի բերանը ծեփում են»,- հավելում է նա:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այսօր օնլայն տիրույթում քարոզչական լուրջ հակամարտություն է տեղի ունենում:

«Սա երկու ճամբարների բախում չէ, որը բնական է, քանի որ կան մարդիկ, ովքեր ներկա իշխանություններին չեն ընդունում տարբեր պատճառներով: Վերջին շաբաթների զարգացումները խոսում են այն մասին, որ ուղղորդված քարոզչություն է իրականացվում: Այսինքն՝ գումարներ են օգտագործվում և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայ օգտատերերի թիվը հասնում է 1 մլն 200 հազարի: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ պետք է հաշվի առնել, որ այդ թվում ներառված են շատ մարդիկ, ովքեր քաղաքականությունից շատ հեռու են:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո «Ֆեյսբուքում» հայ օգտատերերի թիվն ավելացել է 150-200 հազարով:

Մարտիրոսյանը նշում է, սակայն, որ նրանց մեծ մասը «Ֆեյսբուք» են «ներգաղթել» ռուսական «Օդնոկլասնիկի» կայքից: Իսկ «Օդնոկլասնիկիի» օգտատերերի մոտ ընդունված է կեղծ անուններով գրանցվելը: «Եվ այդ մարդիկ սովոր էլ չեն ֆեյսբուքյան ոճին ու քննարկումներին, կարող են ֆեյքի տպավորություն թողնել: Ֆեյք ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունեմ հատուկ կեղծված քարոզչական պրոֆիլները»,- հավելեց մասնագետը: Նա նշեց, որ իրական ֆեյքերն էլ են ավելացել «Ֆեյսբուքում», բայց նրանց թիվը շատ չէ: Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հակաքարոզչությունը հիմնականում ֆեյքերի միջոցով չի իրականացվում: Նրանք ռեալ մարդիկ են կամ էջեր:

Մասնագետները նշում են, որ հակաքարոզչությունը կատարվում է որոշակի գումարի դիմաց, դա աշխարհում ընդունված ձև է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը գրում են, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին մեկ ստատուսի արժեքը 50-100 դոլար է:

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ 50-100 դոլարը Հայաստանում միջինացված թիվ է, արտառոց մեծ թիվ չէ, բայց կոմերցիոն բնույթի գրառումների համար է ընդունված: «Քաղաքական դաշտում, կարծում եմ, այդ մոդելը չի աշխատում: Կամ աշխատում են թիմեր, նրանք աշխատավարձ են ստանում են ոչ թե ամեն գրառման դիմաց, կամ պայմանավորվածություն է լինում ինչ-որ մարդկանց հետ, որպեսզի իրենք աշխատեն»,- նշեց մասնագետը:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս օնլայն քարոզչությունը հասարակության տրամադրությունների ու դիրքորոշումների վրա, մասնագետն ասում է, որ դա չափելը շատ դժվար է: Ընդհանրապես քարոզչության մասով ամենաբարդը ոչ թե դա իրականացնելն է, այլ ազդեցությունը գնահատելը: Պետք է սոցիոլոգիական հարցումներ, հատուկ հաշվարկներ կատարվեն՝ պարզելու դրա ազդեցությունը:

«Բնականաբար, քարոզչությունն իր ազդեցությունը միշտ էլ ունենում է, եթե չունենար, դրա վրա ամբողջ աշխարհում ֆինանսներ չէին ծախսվի: Այլ հարց է, թե դա որքանով է լուրջ, և որքանով է հնարավոր հակակառավարական տրամադրություն ստեղծել այն մարդկանց մոտ, ում մոտ դա չկա: Դա դժվար է հաշվարկել հատկապես «Ֆեյսբուքի» դեպքում, իսկ քարոզչությունը հենց «Ֆեյսբուքում» է արվում: «Ֆեյսբուքն» ունի լուրջ պրոբլեմ, ինքը մարդկանց խմբավորում է, միմյանց ցուցադրում է այն մարդկանց, ովքեր իրար հետ ընդհանուր գծեր ունեն: Դրա համար շատ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչ-որ մեկի ազդեցությունը շատ ուժեղ է»,- նշեց մասնագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am