Շրջակա միջավայրի նախարարության նախագիծը կոչված է պաշտպանել, օրինակ, կարմիր գրքում գրանցված կենդանիներին. Պարզաբանում

Շրջակա միջավայրի նախարարության նախագիծը կոչված է պաշտպանել, օրինակ, կարմիր գրքում գրանցված կենդանիներին. Պարզաբանում
Շրջակա միջավայրի նախարարության նախագիծը կոչված է պաշտպանել, օրինակ, կարմիր գրքում գրանցված կենդանիներին. Պարզաբանում

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական նախաձեռնության շուրջ ծավալված դիսկուրսն արդարացված չէ։

Նախ, գործընկերներ, փորձեմ չծանրաբեռնել ընթերցողին իրավաբանական բառապաշարով ու ավելի պարզ բացատրեմ, հետո նաև իրավական հիմնավորումներ կբերեմ։

Շրջակա միջավայրի նախարարության «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին շրջանառության մեջ է ու տեղադրված է e-draft-ում, կոչված է պաշտպանել, օրինակ՝ կարմիր գրքում գրանցված կենդանիներին։

Գործող օրենքով, պարզ ասած, որսագող մեկը կարող է դիմել տեղեկատվության համար ու օրենքի պահանջով ստանալ, ասենք, կովկասյան ընձառյուծների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն։ Հետո, օգտագործելով այդ տեղեկատվությունը, անդառնալի վնաս հասցնել Հայաստանի կենսաբազմազանության։

Այսինքն, գործող օրենքը չի արգելում յուրաքանչյուր քաղաքացու փոխանցել տեղեկատվություն, որն ուղղակիորեն կարող է հակառակ էֆեկտն ունենալ։
Նոր նախաձեռնությամբ, այս դրույթը կարգավորվում է։

Սա առաջինը։ Հիմա երկրորդը։

Այն բոլոր հասարակական գործիչները, բնապահպաններն ու «օրենքի նախագիծ» գրողները, որոնք այս պահին դեմ են նախագծին ու համարում են, որ е-draft համակարգն իրենց թույլ չի տալիս ուղղակիորեն մասնակցել օրենքների մշակմանը, առաջարկում եմ ԱՌԱՋԱՐԿԵԼ համագործակցության այլ ձևաչափ։ Շրջակա միջավայրի նախարարությունը պետական կառույց է, կառավարության մաս, որին տրված է լիազորություն մշակել ու ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ։ Այդ նպատակով է գործում նախարարությունը, և ոչ միայն։

Հիմա, եթե ստույգ առաջարկ ունեք, նամակով կարող եք դիմել նախարարությանը, և վստահ եմ, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներն ականջալուր կլինեն քաղհասարակության առաջարկություններին ու պատրաստ կլինեն նստել քննարկման։
Պետական կառավարման համակարգի ամեն նախաձեռնություն հանրային քննարկման դաշտ տեղափոխելը, բնավ պետությանն ու պետականությանն օգուտ տալու լավագույն ձևը չեն։ Հարցին բացասական երանգ տալով լուծումը չի գտնվի։

Իսկ հիմա իրավական մասը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված իրավական ակտի նախագիծը սահմանված ժամկետում տեղադրվել է էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն է տալիս ԲՈԼՈՐ շահագրգիռ կողմերին իրենց դիրքորոշումն արտահայտել նախագծի վերաբերյալ: Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է հանրության ակտիվ մասնակցությունը օրենքի նախագծի մշակման աշխատանքներին և ուրախ կլինի հանրությունից առաջարկություններ ստանալ նախագծի վերաբերյալ:

Նախագծի կարգավորումները հատվածային լինելու հետ կապված հայտնում ենք, որ այն բացարձակ համահունչ է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի էությանը, որտեղ մատնանշված սահմանափակումները վերաբերում են հինգ՝ իրարից էապես տարբերվող դեպքերին, ուստի այն, որ տվյալ սահմանափակումների մեջ ավելացվում է նաև շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող դեպքը, խոսում է ոչ թե կարգավորման հատվածականության, այլ 8-րդ հոդվածի առանձնահատկության մասին: Առաջարկվող կարգավորումներն արդեն իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում, Սահմանադրությամբ և Օրհուսի կոնվենցիայով առկա լինելու հետ կապված հայտնում են, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ հեղինակը հավանաբար նկատի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 2-րդ հոդվածը (Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։), ինչն այս դեպքում ընդհանրապես կիրառելի չէ, քանի որ Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում որևէ Կողմի իրավունքը՝ շարունակելու իրագործել կամ ձեռնարկել միջոցներ, որոնք ենթադրում են տեղեկության ավելի լայն մատչելիություն, հասարակության ավելի ակտիվ մասնակցություն որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության ավելի լայն մատչելիություն բնապահպանական հարցերով, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։

Կոնվենցիայի հենց վերը նշված կարգավորումն էլ անհրաժեշտություն է առաջացնում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող սահմանափակումները սահմանել ներպետական օրենսդրությամբ»: