Նախատեսվում է ներկայացնել դատապարտյալի՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխանելիության հարցը

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վ. Հ-ը տառապում է մի շարք հիվանդություններով, ունի հենաշարժողական խնդիրներ, չի կարողանում քայլել, տեղաշարժվում է սայլակով, լոգանքից և սանհանգույցից օգտվում է խցակիցների օգնությամբ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ), մտահոգված վերջինիս ազատ տեղաշարժվելու անկարողությամբ, դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ստանում է որևէ բուժում, եթե այո, ապա այն ունի կանխարգելիչ, թե ամոքիչ բնույթ, արդյո՞ք նրան կցված է խնամակալ՝ 24-ժամյա ռեժիմով, և ի՞նչ կարգով է կազմակերպվում Վ․ Հ.-ի զբոսանքը։

Դիտորդների խմբից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ․ Հ.-ը մինչև 2022 թվականի փետրվարի 21-ը «Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, կենտրոնական ձև, 2-րդ աստիճանի ակտիվություն, երկկողմանի սակրոիելիտ, էնթեզոպաթիկ համախտանիշ, սինդեզմոֆիտներ, կոնք-ազդրային հոդերի երկրորդային օստեոարթրոզ, ողնաշարի և հոդերի ՖԱ 2-րդ աստիճան: Աուտոիմուն թիերոիդիտ՝ էութիերոզ: Հիպոֆիզի միկրոադենոմա՝ հիպերպրոլակտինեմիայով: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Կարդիալ փականի անբավարարություն:

Էրոզիվ պրոկտիտ» ախտորոշմամբ գտնվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ: Նա ստանում է սիմպտոմատիկ բուժում․ նաև խորհուրդ է տրվել բուժական ֆիզկուլտուրա՝ ողնաշարի և հոդերի ֆունկցիոնալ վիճակը բարելավելու նպատակով: