«Թուրքիայի իշխանամետ մամուլը ՀԱՊԿ-ին, մանավանդ ռուսներին համարում է օկուպանտներ, սկսել են հակառուսական գիծ տանել». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայում ինչպե՞ս են արձագանքում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին:

– Պաշտոնական արձագանքների համաձայն՝ Թուրքիայի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա թյուրքական երկրների կազմակերպության նիստը, որտեղ պետք է քննարկվեն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքիայի պաշտոնական շրջանակները սկսում են արդեն խոսել այն մասին, որ այդ թյուրքական կազմակերպությունը պետք է ունենա իր հատուկ մեխանիզմները նաև ռազմական բնագավառում, ինչը մինչև հիմա չունի, այսինքն՝ Ղազախստանի իրադարձությունները փորձում են օգտագործել այդ պանթյուրքիստական կազմակերպությունն ուժեղացնելու և դրան ռազմական բնույթ հաղորդելու նպատակով:

Թուրքիայի քաղաքական ուժերը փորձում են կատարվողն այնպես ներկայացնել, թե դա պետք է դաս հանդիսանա, որպեսզի Թուրքիան իր զինված ուժերն ավելի ուժեղացնի, որ թույլ չտա այլ պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, Ղազախստանի իրադարձություններից օգուտներ քաղեն ու ուժեղացնեն իրենց դիրքերը Ղազախստանում:

Մամուլի արձագանքը կարելի է մի քանի մասի բաժանել. պանթյուրքիստական լրատվամիջոցները վերջին օրերին արդեն բացահայտ սկսեցին գրել, որ Ղազախստանում տեղի է ունենում ռուսական ու ՀԱՊԿ օկուպացիա, որ պետք է եղբայր ղազախ ժողովուրդը պայքար սկսի օկուպանտների դեմ, իսկ այդ պայքարին պետք է օգնել:

Իշխանությունների հետ կապ ունեցող մամուլն ավելի զգուշավոր է փորձում գրել Ղազախստանում կատարվողի մասին, բայց երևում է, որ նաև իշխանամետ մամուլն է սկսում հակառուսական գիծ տանել, ներկայացնում է, որ ՀԱՊԿ-ը և մանավանդ ռուսները օկուպանտներ են:

Փորձագիտական որոշ շրջանակներ նշում են, որ Ղազախստանում կատարվողը իշխանափոխության փորձ է, որ թուրքական որոշ խմբեր են փորձում իշխանությունը վերցնել: Համակարծի՞ք եք, թե՞ կատարվողն իրականում սոցիալական հողի վրա սկսված բողոքի ակցիա էր, որից ոմանք փորձեցին օգտվել՝ այլ նպատակներ հետապնդելով:

– Հակված եմ ձեր արտահայտած երկրորդ մտքին, որ հենց սկզբից դա սոցիալական պատճառով առաջացած ընդվզում էր, բայց նաև այնտեղ սկսեցին գործել հիմնականում իսլամամետ ուժերը, որոնց նպատակն է փոխել Ղազախստանի զարգացման վեկտորը և այստեղ հիմնել իսլամիստական պետություն:

Չպետք է բացառել նաև, չնայած ինֆորմացիա դեռ չկա, դա իրավապահ մարմինները պետք է պարզեն, որ Ղազախստանում գործող ահաբեկիչների մեջ, շատ հավանական է, լինեն նաև նրանք, որոնք Թուրքիայի կողմից ուղարկվել էին Ադրբեջան և օգտագործվում էին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում: Այս հանգամանքով է պայմանավորված պաշտոնական Ադրբեջանի լռությունը, քանի որ նրանք վախենում են, թե կբացահայտվի, որ Ադրբեջանում եղած ահաբեկիչները հիմա հայտնվել են Ղազախստանում:

Լռություն ասելով՝ նկատի ունեք, որ Ադրբեջանը չի՞ արձագանքում Ղազախստանի դեպքերին, պարո՛ն Սաֆրաստյան:

– Այո՛, շատ քիչ են անդրադառնում, հստակ արձագանք ես չեմ տեսել Ադրբեջանից:

Կարծում եք, որ Թուրքիային կհաջողվի՞ Ղազախստանում իրադրությունը փոխել, հաշվի առնելով, որ այնտեղի դեպքերին ակտիվորեն միջամտում է ՀԱՊԿ-ը:

– Չեմ կարծում, թե տեղի ունեցողը Թուրքիայի կազմակերպածն է, որովհետև Թուրքիան արդեն Ղազախստանում իր դիրքերը լավ ուժեղացնում է, պանթյուրքիզմի գաղափարախոսությունը տարածվում է, կոնկրետ ռազմական ոլորտում թուրք-ղազախական համագործակցություն կա, որը գնալով խորանում է: Ղազախստանում գործում են բազմաթիվ թուրքական դպրոցներ, գիմնազիաներ, կրթական կենտրոններ, հիվանդանոցներ ու այլ կազմակերպություններ:

Թուրքիան ուղղակի վախենում է, որ այնտեղ կարող է մեծանալ ռուսական ազդեցությունը, դրա համար էլ թուրքական մամուլը գրում է, որ ռուսներն օկուպանտ են:

Իսկ նման հրապարակումներն ինչպե՞ս կանդրադառնան ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

– Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից նկատվում է բացասական վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում Թուրքիայի դիրքորոշման հետ, հետևաբար նրանց հարաբերություններն առանց այդ էլ այդքան ջերմ չեն, որքան մեկ ամիս առաջ:

Պարո՛ն Սաֆրաստյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ղազախստանի դեպքերով պայմանավորված՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ թուրք-ադրբեջանական ծրագրերը խառնվել են:

– Կարող են խառնվել, Կենտրոնական Ասիայում Ադրբեջանը, իհարկե, խաղացող չէ, կարող են խառնվել, և կարող է Ռուսաստանի ազդեցությունն ուժեղանալ Ղազախստանում, դա է թուրքերին անհանգստացնում:

Իսկ եթե այդպես լինի, Հայաստանի համար դա ի՞նչ հնարավոր արդյունքներ կամ հետևանքներ կարող է ունենալ:

– Հայաստանը Ղազախստանի հետ վատ հարաբերություններ չունի, բայց ես չեմ կարծում, թե Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ կմեծանա, որովհետև Ղազախստանում ռուսական կապիտալը շատ թույլ է՝ 2-3% է ռուսական, մեծ մասը արևմտյան ներդրումներ են: Այսօր Ղազախստանը Թուրքիայի հետ է համագործակցում, Չինաստանն է այնտեղ:

Չեմ կարծում, թե Ռուսաստանի ազդեցությունը կմեծանա, որովհետև Ղազախստանը շահագրգռված է իր տնտեսական հարաբերություններն այլ ուղղությամբ զարգացնել՝ Արևմուտք, Չինաստան, իսկ ռազմաքաղաքական առումով՝ Թուրքիա: Բայց եթե ամեն դեպքում դա տեղի ունենա, չեմ կարծում, որ դա հայ-ղազախական հարաբերությունների համար բացասական լինի:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am