COVID-19 պատվաստանյութեր գնելու շուրջ բանակցություններն ընթանում են․ 890 մլն դրամը տրամադրվել է որպես կանխավճար

Լրատվականներից մեկը քիչ առաջ «Կառավարությունը 890 մլն դրամ է ծախսել COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութ ձեռք չի բերվել» վերտառությամբ տեղեկություն տարածեց։

Հղում անելով Առողջապահությունից ստացված հարցման պատասխանին, կայքը նշում է, որ կառավարությունը 890 մլն դրամ Է ծախսել ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութը ո’չ ձեռք է բերվել, և ո’չ էլ գրանցվել է ՀՀ-ում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, որտեղից պարզաբանեցին, որ գերատեսչությունն այս պահին գտնվում է ակտիվ բանակցությունների փուլում` պատվաստանյութ արտադրող հնարավոր բոլոր կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։

Հիշյալ 890 մլն դրամը, որպես կանխավճար, ՀՀ-ին հասանելի դեղաչափերի ապահովման նպատակով ԱՆ-ն փոխանցել է «COVAX FACILITY» միջազգային նախաձեռնությանը, որն էլ իր հերթին բանակցում է արտադրող ընկերութոյւնների հետ։

Նշենք նաև, որ կառավարության որոշմամբ COVID-19 պատվաստանյութ ձեռք բերելու համար տրամադրվել է 2.2 մլրդ դրամ։

Ի՞նչ է COVAX-ը

COVAX-ը գլոբալ համագործակցություն է, որի նպատակն է կազմակերպել COVID-19 թեստերի, բուժումների և պատվաստանյութերի զարգացումը, արտադրությունը և երաշխավորել արդար հասանելիություն աշխարհի յուրաքանչյուր երկրի համար:

Տեղեկատվության ստուգման կենտրոն