«Գլխավոր շտաբի հայտարարությունն, այո, նման է ռազմական հեղաշրջման փորձի»․ Հրանուշ Խառատյան

«Ու՞մ համար է այս ուշացած և անիմաստ հեռախոսային մենախոսությունը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրել է․

«Գլխավոր շտաբի հայտարարությունն, այո, նման է ռազմական հեղաշրջման փորձի: Դրան արձագանքող Նիկոլ Փաշինյանի կոչը իրավիճակին ադեկվատ չէ: Ոչ Փաշինյանն ինքը, ոչ նրա կողմնակիցները, ոչ նրա/նրանց հակառակորդները, ոչ Գլխավոր շտաբի հայտարարության հեղինակները Հայաստանի ներքաղաքական քաոտիկ իրավիճակի լուծման համար որևէ հստակ առաջարկ չունեն: Համենայն դեպս հանրությունը դրան/դրանց տեղյակ չէ:

Հնարավոր հրապարակային առճակատումը հղի է բռնության շատ կանխատեսելի հետևանքներով՝ անհայտ ելքով: Կողմերից որևէ մեկը որևէ քիչ թե շատ վերլուծված, տրամաբանական առաջարկ չունի, համենայն դեպս հանրությանը հայտնի չէ, թե ինչ է հետևելու իշխանափոխության, հեղաշրջման իրականացմանը: Նույնքան խնդրահարույց է իրավիճակի շտկման վերաբերյալ առկա իշխանության դիրքորոշումը՝ իշխանությունը սողում է իրադարձությունների հետևից: Ընդ որում սողում է թե ներքաղաքական իրադարձությունների հետևից, թե Հայաստանի շուրջ այլոց կողմից արվող հայտարարությունների և ակնհայտ տեղի ունեցող քննարկումների հետևից:

Միաժամանակ ակնհայտ է, որ այս քաոսը նույնպես շարունակվել չի կարող: Իշխանության բոլոր օրինական թևերը՝ օրենսդիր, գործադիր, դատական, և նույնիսկ չորրորդ՝ տեղեկատվական, տարբեր մակարդակների վերապահումներով գործում են միմյանց հակոտնյա դիրքերից:

Կարծում եմ շատերը գիտակցում են, որ Հայաստանի հետ և Հայաստանի շուրջ քաղաքական պատերազմը ամենաակտիվ փուլում է և ռազմական պատերազմը չի ավարտվել, իսկ Հայաստանի ներքաղաքական հախուռն զարգացումները միայն նպաստում են դրա արագացմանը: Այս խնդիրների շուրջ թե իշխանության, թե արտախորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը անհայտ է մնում հանրությանը:

Գուցե իսկապե՞ս արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը բոլոր կողմերին շանս կտա ուշքի գալ և ավելի հանդարտ պայմաններում ծրագրեր կազմել մեր համատեղ երկիրն այս շփոթից դուրս բերելու շուրջ, նախապես պատասխանելով առնվազն մի քանի հարցերի.

1.Ինչպե՞ս կանխել հնարավոր նոր պատերազմը,

2. Ինչպե՞ս է/են գնահատում Հայաստանի հասարակության աշխարհաքաղաքական դիրքորոշումը գաղափարների, դաշնակիցների և թշնամիների հարցերում,

3. Ինչպիսի՞ն է/են տեսնում Հայաստանի հասարակական-տնտեսական զարգացման իրատեսական հնարավորությունները թե հասարակարգի ընտրության (կոշտ շուկայական, կոշտ պլանային, հիբրիդային), թե արտահայաստանյան միջազգային հարաբերությունների հարցերում,

4. Ինչքա՞ն հետևողական կարող է լինել Հայաստանը իր ներքաղաքական և միջազգային հարաբերություններում,

5. Ի՞նչ գաղափարական, մարդկային, նյութական և ինտելեկտուալ ռեսուրսներ ունեն իրենց ընտրած/կարևորած ծրագրերի իրականացման համար:

Մնացած ծրագրերը կարտածվեն այս հարցերի պատասխաններից»: