Ստեղծված իրավիճակն աննախադեպ է և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով. Նախագահի աշխատակազմը արձագանքել է վարչապետին

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմին՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը», -ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ վարչապետը չէր ընդունել ՀՀ նախագահի առարկությունները ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին որոշման վերաբերյալ և կրկին վերադարձրել էր իր առաջարկությունը՝ նրան պաշտոնանկ անելու մասին: