Ոստիկանությունը հորդորում է խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից

ՀՀ ոստիկանության հայտարարությունը․

Հարգելի՛ համաքաղաքացիներ։

Մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։

ՀՀ ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իր գործառույթներին համապատասխան` ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Մեր հայրենակիցներին հորդորում ենք կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը։

Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Հիշենք, որ քաղաքացու օրինահարգ պահվածքն ու իրավապահ մարմինների հետ համագործակցությունն են հասարակական անդորրի և անվտանգության պահպանման երաշխիքը։