Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։  Արցախում ծավալված պատերազմին մասնակցած կին սպաներին էլ Վաղարշակ Հարությունյանը խրախուսել է գերատեսչական մեդալներով։

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում, բարձր գնահատել հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը։