Մարտիության միջոցառումներ՝ սոցիալական բաղադրիչով

Կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ին նվիրված Երևանի քաղաքապետարանի մշակութային ծրագրերն այս տարի առավելապես սոցիալական ուղղվածություն ունեին: Տոնական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն էին ստացել միակողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքների մայրերը, արցախցի կանայք: 

Երևանի թատերահամերգային դահլիճներում և թանգարաններում շուրջ 4500 այցելուների համար կայացան բազմաժանր միջոցառումներ. 13 թատերական ներկայացում, համերգային 2 ծրագիր, 3 ցուցահանդես և 1 կինոցուցադրություն: Մարտիության միջոցառումներին այս տարի՝ օրվա խորհրդին համահունչ ծրագրով միացան նաև երևանյան թանգարանները: Մասնավորապես, Երևան քաղաքի պատմության թանգարանում «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը», ինչպես նաև «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագրերով ցուցահանդես էր:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կանանց հյուրընկալեց «Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» ցուցադրությամբ, իսկ Ժամանակակից արվեստի թանգարանում «JAZZ-ART-FASHION» ցուցահանդես-միջոցառում էր, որի ընթացքում ելույթ ունեցավ հայտնի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: